Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ից 22-ը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախարարներ Նալբանդյանը և Լավրովը կքննարկեն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։