Սովորաբար, Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն գրավականներից մեկն էլ համարվում է, ու դա այդպես է, բանկային համակարգի կենսունակությունը: Պետք չէ մոռանալ, որ այն բոլոր երկրները, որոնք կարողացել են տնտեսական թռիչք արձանագրել, որոնք կարողացել են դառնալ աշխարհի առաջատար տնտեսություն ունեցեղ պետություններ, այդ բարձունքին նախևառաջ հասել են՝ կայացնելով հենց բանկային ոլորտը. այսօր դժվար է պատկերացնել ծաղկուն տնտեսությամբ որևիցե երկիր՝ առանց կայացած բանկային համակարգի:

 

Բանկերն, ինչպես հայտնի է, զարգացած երկրներում հասարակության բարեկամներն են, նրանց ֆինանսական կայունության երաշխավորներն ու երբեք սեփական գործունեությունը չեն բխեցնում գերշահույթ ստանալու ելակետից. ամեն բան, ինչպես ասում են, իր չափն ու սահմանն ունի: Պետք է նկատել, որ այս երկրներում ներքին տնտեսական ակտիվությունը, բնակչության նախաձեռնողականույունն ու փոքր ու միջին բիզնեսի զարգացումն ու կայացումը հիմնավորապես կապված է բանկերի կողմից վարվող ճիշտ դրամավարկային քաղաքականությամբ, երբ որպես գերնպատակ հայտարարվում է մարդկանց նախաձեռնողականությանը նպաստ բերելն ու մարդու՝ որպես անհատ ձեռներեցի կայացմանը միտված քաղաքականության իրականացումը: Որպես այս ամենի արդյունք՝ այսօր, ցանկացած նորմալ երկրում գործ սկսելը, սեփական բիզնես հիմնելը դարձել է գրեթե առօրեական երևույթ, ու մարդիկ չեն վախենում, ինչպես ասում են, անցավ գլուխները ցավի տակ դնելուց. գործում են վստահ ու ըստ նախօրոք մշակված համապատասխան պլանի` ծաղկեցնելով այն երկրի տնտեսությունը, որում ապրում են:


Հայաստանում, ինչպես սովորաբար է պատահում, ճիշտ հակառակ պատկերն է. այստեղ ոչ միայն բանկերից վարկ վերցնելը համարվում է խիստ ռիսկային, այլև, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ոչ միշտ է պատահում այնպես, որ տեղական բանկերից վերցրած վակային գումարները ներդրվում են այստեղ` Հայաստանում. մարդկանց աչքը, պատկերավոր ասած, դուրս է:

 

Այսպես. պարզվում է` չնայած այն հանգամանքին, որ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, անցած տարվա կտրվածքով՝ Հայաստանի բանկերի տրամադրած վարկային փաթեթն աճել է մոտ 1 մլրդ դոլարով, սակայն այդ փողերը ոչ մի էական ազդեցություն չեն ունեցել ՀՀ տնտեսության ակտիվության, առաջընթացի վրա: Փաստացի, դրանք փոշիացել են՝ չնայած նրան, որ որոշակի դրական ազդեցություն, այնուամենայնիվ, ունեցել են: Եվ ուրեմն՝ բնական հարց է առաջանում' ո՞ւր են այդ փողերն ու ինչո՞ւ Հայաստանի տնտեսությունում սպասվող աշխուժությունն այդպես էլ չի նկատվում:

 

Այս առեղծվածային հարցն, ինչ խոսք, կարող է ունենալ ընդամենը մեկ պատասխան. վարկեր վերցնողների մեծագույն մասը փոխառած միջոցները ներդրել է ամենևին էլ ոչ Հայաստանում: Ասել կուզի՝ փոխարենը բանկից վերցրած X գումարը ներդնելու Հայաստանի տնտեսության որևիցե ճյուղի կամ ոլորտի մեջ՝ վարկառուներն իրենց կապիտալը դուրս են հանել երկրից. փաստացի՝ այս պարագայում գործ ունենք կապիտալաներդրումների արտահոսքի հետ ու ստիպված ենք փաստել, որ շատերի համար, նունիսկ, կամ՝ հատկապես տեղացի ձեռներեցների, Հայստանը բացարձակապես զուրկ է բիզնես գրավչությունից, որքան էլ շարունակ թմբկահարվի, թե, ասենք, «Դուինգ Բիզնեսը» Հայաստանի վարկանիշը բարձր է գնահատել:


Այս տարօրինակ ու չարագույժ իրավիճակը ծնում է հարցեր, որոնց պատասխանները, ցավոք, պետությունը դեռևս չունի: Հարց համար առաջին՝ ինչո՞ւ մինչև հիմա մեզ չի հաջողվում ստեղծել մի այնպիսի մթնոլոտ, որը ոչ թե կվանի, այլ կգրավի պոտենցիալ ներդրողին, այդ թվում և՝ ներքին: Հարց երկրորդ՝ ո՞րն է այս գերխնդրի լուծման բանալին, չէ՞ որ ցանկացած իրավիճակից՝ կա ելք: Հարց երրորդ՝ ինչպե՞ս անել, որպեսզի Հայաստանում բոլորի համար անխտիր՝ հավասար խաղի կանոններ գործեն, որ չլինեն հովանավորյալներ ու արտոնյալներ, ովքեր սեփական բիզնեսը մրցակցությունից փրկելու ակնկալիքով դիմում են ինչ-ինչ լծակների ու անթույլատրելի գործողությունների՝ այդպիսով ստեղծելով անհավասար մրցակցային դաշտ: Կարճ ասած՝ ի՞նչ է պետք անել՝ Հայաստանը նորմալ երկիր դարձնելու համար: Հարցերն այս, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, ունեն գեթ մեկ պատասխան՝ քաղաքական կամք ու վճռակամություն…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ