Ռուսաստանը եւ Իրանը ձեռնամուխ են եղել 1,4 գիգավատ հզորությամբ «Սիրիկ» ջերմաէլեկտրակայանի շինարարությանը, որն իրականացվելու է Իրանի հարավի Բենդեր-Աբաս քաղաքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է իրադարձության վայրից:
Բացման արարողությանը մասնակցել է ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Համոզված եմ, որ «Սիրիկ» ՋԷԿ-ի շինարարությունը եւ նրա հետագա շահագործումը դրական ազդեցություն կունենա Իրանի ողջ տնտեսության վրա: Էլեկտրակայանը թույլ կտա մեծ թվով աշխատատեղեր ստեղծել Հորմոզղանի նահանգի բնակիչների համար, ազդակ կհաղորդի տարածաշրջանի արդյունաբերության եւ ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը»,-ասել է Նովակը:
2016 թվականի դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի «Տեխնոպրոմէքսպորտ» ընկերությունը եւ Իրանի ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիա արտադրող Հոլդինգային ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Իրանում «Սիրիկ» («Հորմոզղան») ՋԷԿ-ի շինարարության վերաբերյալ, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից 1,2 մլրդ եվրոյի ֆինանսավորում:
Ջերմային էլեկտրակայանը բաղկացած կլինի 350 մեգավատանոց չորս շոգեուժային բլոկներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: