ՀՀ առողջապահության նախարարությունը շուկայում կեղծ դեղեր է հայտնաբերել: Երեւանի, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի դեղատներում հայտնաբերվել են կեղծ լինելու առումով կասկած հարուցող եւ չդրոշմապիտակավորված Պրեստանս 5մգ/10մգ եւ Ցեֆտրիաքսոն-Աստերիա 1գր դեղերը: Պրեստանսը ճնշումը կարգավորող, իսկ Ցեֆտրիաքսոն-Աստերիան հակաբիոտիկ է:

 

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հակոբ Թոփչյանը նշեց, որ կեղծ դեղերն արդեն իսկ փորձաքննության են ենթարկվում, հարցը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: «Կեղծ Պրեստանսը կարելի է տարբերել սերիայով, շտրիխ կոդով, փականով, եւ այլն: Դեղի կեղծված տարբերակի տուփի վրա նշված սերիան իրենից ներկայացնում է յոթանիշ թիվ (0590516), ի տարբերություն օրիգինալի, որի սերիան բաղկացած է 6 նիշից»,-ասաց նա՝ հավելելով, որ առողջապահության նախարարի հրամանով նշված դեղերի շրջանառությունը Հանրապետությունում կանգնեցվել է, դրանք ետ կհավաքվեն եւ կոչնչացվեն օրենքի սահմաններում:

 

Ոլորտի պատասխանատուն հավելեց, որ դեղերը ներմուծվել են ոչ թե ուղիղ, այլ անուղղակի կամ զուգահեռ ներմուծման ճանապարհով: «Ցեֆտրիաքսոն-Աստերիան հայկական եւ բավական տարածված դեղ է: Հայաստանում առաջին անգամ է, որ հայկական դեղ է կեղծվում»,-ասաց Թոփչյանը:

 

ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանի խոսքով էլ' համապատասխան մարմինը կպարզի, թե դեղատները այդ դեղերը որտեղից են ձեռք բերել: «Քննությունը կպարզի մանրամասները»,-հավելեց նա:

 

Առողջապահության պատասխանատուները քաղաքացիներին հորդորում են ուշադիր լինել, իսկ նշված կեղծ դեղերը հայտնաբերելու դեպքում ահազանգել Առողջապահության նախարարություն: