Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակի 9-րդ տասնյակում է և առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով Մալաթիա–Սեբաստիա համայնքից, անցել է գործի: Մամուլում բազմաթիվ վկայություններ են հայտնվում այն մասին, որ այս օերին Ալեքսանյանի ակտիվիստները, համայնքում դռնեդուռ ընկած և գրանցումներ անելիս, բնակիչներից հետաքրքրվում են վարկային պարտավորություններից: Մասնավորապես, հետաքրքրվում են՝ արդյոք ընտրողներն ունե՞ն ապառիկ՝ ձևակերպած «ՎԵԳԱ» խանութների ցանցից, որը, ինչպես հայտնի է, պատկանում է հենց Ալեքսանյանին:
Ակտիվիստները տեղեկացնում են, որ Ալեքսանյանին ձայն տալու դիմաց՝ խանութների ցանցը պատրաստ է մարել վարկը… եթե այն չի գերազանցում 100-150 հազար դրամը: Իհա՛րկե, թե ինչպես է իրականում գործելու այս մեխանիզմը՝ դեռ այնքան էլ պարզ չէ և ակտիվիստներն էլ դետալների մեջ շատ չեն խորանում, բայց այն, որ Ալեքսանյանը, ինչպես նախորդ ընտրություններում, այնպես էլ այսօր, նորանոր մեխանիզմներ է ներդնում՝ դարձյալ պատգամավորական մանդատին տիրանալու համար' փաստ է:
Քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, սակայն Ալեքսանյանին դա չի խանգարում բուռն գործունեություն ծավալել: Նա հանդիպում է գազի ու լույսի «մարդկանց», հանձնարարականներ տալիս, առաջարկում է շտաբներ ձևավորել իր ընտրատարածքում։ Նա խոստացել է, որ եթե ընտրություններում առաջին տեղը զբաղեցնի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականների մեջ՝ 50 հազարական դոլար գումար կտա բոլոր շտաբներին, եթե երկրորդ տեղ՝ 40 հազարական դոլար, իսկ երրորդ տեղի դեպքում՝ 30 հազարական դոլար:
Բացի այդ՝ Ալեքսանյանը չի բավարարվում առկա հին տեխնոլոգիաներով, և սեփական նոու-հաուներն է առաջ քաշել: Ասում են՝ նա որոշել է ձայներ ապահովել նարդու միջոցով։ Ըստ լուրերի՝ նա ամեն «թայլայի» համար հազար դոլարի գրազ է խոստանում. եթե ինքն է հաղթում, պահանջում է երաշխավորված հարյուր ձայն, եթե պարտվում է, վճարում է հազար դոլար:
Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն այս անգամ զգալիորեն ավելի քիչ հարկ կվճարի. այս ընկերությունը չի ներառվի նույնիսկ խոշորագույն 5 հարկատուների ցանկում: Թերևս Ալեքսանյանին արտոնվել է ընդլայնել իր բիզնեսի ստվերային հատվածը՝ պայմանով, որ հավելյալ միջոցները ներդրվեն առաջիկա ընտրությունների ընդհանուր գործի մեջ՝ նպաստելու հարազատ կուսակցության առաջընթացին, ինչն էլ վերջինս բարեխղճորեն իրականացնում է:
Թվում է, թե այս արատավոր ավանդույթը չի պատրաստվում արմատախիլ լինել մեր իրականությունից: Քաղաքական մշակույթ ունենք՝ աշխարհը չունի... Քանի դեռ օրվա իշխանությունը ձևավորվում է զոռբայությամբ և հակաօրինական ճանապարհներով, քանի դեռ երկրի օրենսդիր մարմին մտնում են կոճակ սեղմողները և օրենսդրական գործունեությունից կիլոմետրերով հեռու օդիոզ դեմքերը՝ խոսել երկրում կատարվող դրական փոփոխություններից՝ ոչնչով չհիմնավորված լավատեսություն է...
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ