Կառավարության մեկնարկից անմիջապես հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ երկամսյա ժամկետում մշակել և կառավարությանը ներկայացնել բնապահպանական աղտոտման ծավալներով պայմանավորված նոր հաշվետվությունների կարգ՝ փոքր և ավելի մեծ չափով աղտոտողների համար:
Ըստ վարչապետի՝ փոքր և մեծ ծավալով բնությունն աղտոտողների համար ներկա ընթացակարգը բավարար չէ, քանի որ առկա են գործառույթների անհամաչափության խնդիրներ: Վարչապետը հանձնարարեց նախարարին՝ հաշվետվություններ ներկայացնելու նոր ընթացակարգ մշակել:
Վարչապետի հաջորդ հանձնարարականը նույնպես տրվեց Բնապահպանության նախարարին: Վարչապետը վերջինիս հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին ՀՀ օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների որոշման կարգ, որը կներառի բոլոր ազդակիր համայնքներին, ու նպատակ կունենա նվազեցնել վնասակար ազդեցությունները: