Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ու իր թիմակիցները հանդիպեցին լրագրողների հետ: ՀՎԿ առաջնորդը խոսեց կուսակցության նախընտրական ծրագրում կանանց վերաբերվող դրույթներից և այս ոլորտում կուսակցության արած աշխատանքներից: Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ ի թիվս այլ ծրագրերի՝ ՀՀ-ում բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին հատուկ օրենք է պետք, ինչի համար պայքարում են արդեն 6 տարի. «Բայց մենք վստահ ենք, որ առաջիկայում այս օրինագիծը դառնալու է օրենք»:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև ՀՎԿ առաջնորդ համարվող կանանցից՝ Հեղինե Բիշարյանը: Վերջինս շտապեց ներկաներին խորհուրդներ շռայլել՝ ինչպես լինել քաղաքականությունում առավել ակտիվ: ՀՎԿ կին առաջնորդը հայտարարեց, որ բոլորը պետք է զինվորի պես պայքարեն հայրենիքի համար:
«Ես զինվորն եմ Արթուր Բաղդասարյանի»,-շեշտեց Բիշարյանը՝ հավելելով, որ լավ արդյունքի հասնելու համար պետք է գիշերուզօր աշխատել: «Մենք պետք է 24 ժամ աշխատենք, մենք ունենք երկիրը փոխելու հնարավորություն: Պետք է դառնալ զինվոր, ամեն ընտանիք մտնել, դուռը փակել, պարտադրել լսել, պետք է գաղափարական հեղափոխություն»,- հայտարարեց Բիշարյանը: