Հարավաֆրիկացի Քրիս Բերտիշն աշխարհում առաջինն է կտրել-անցել Ատլանտյան օվկիանոսը տախտակի թիավարությամբ, հաղորդում է The Guardian-ը:

 

Բերտիշը ճանապարհորդությունն սկսել է 93 օր առաջ Մարոկոյի Ագադիր քաղաքում: Մարտի 9-ին նա այն ավարտել է՝ Կարիբյան ծովի Անտիգուա կղզի ժամանելով՝ տեղական ժամանակով ժամը 8:32-ին:

 

Քառասուներկուամյա տղամարդը ճանապարհորդել է 120 հազար դոլար արժողությամբ վեցմետրանոց տախտակով, որը վեց ամսում հատուկ նրա համար պատրաստել է նավակների բրիտանացի կոնստրուկտոր Ֆիլ Մորիսոնը:
Տախտակի առջեւի մասը սարքավորված է ոչ մեծ նավախցիկով, որտեղ Բերտիշը քնել է: Բացի դրանից, այնտեղ պահվել է ճանապարհորդության համար անհրաժեշտ սարքավորանքը. GPS համակարգեր, գերկարճալիք ռադիո, ինքնաղեկասարք, արբանյակային հեռախոս, արեւային պանելներ, ինչպես նաեւ ջրի պաշարներ:

 

Ճանապարհորդության ընթացքում նա ստիպված է եղել հանդիպել «շնաձկների, դիմակայել փոթորիկների եւ հաղթահարել միայնությունը», նշել է The Guardian-ը:

 

Հարավաֆրիկացին միջին հաշվով օրական լողացել է 69 կիլոմետր: Նա ճանապարհորդել է հիմնականում գիշերը: Ուժերը վերականգնելուն նրան օգնել են պրոտեինային կոկտեյլները, սառեցված կիսաֆաբրիկատները եւ ապխտած միսը:

 

«Հանուն այս օրվա ես այնքան եմ աշխատել, որքան ինձ հիշում եմ: Վերջին հինգ տարում այս ծրագրի համար ես ամեն ինչ դրեցի բախտախաղի, ամե՜ն ինչ»,- գրել է նա Facebook-ում իր ճանապարհորդության ավարտից մոտավորապես մեկ ժամ առաջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: