Իսրայելի «Հադաս» հիվանդանոցը դարձել է աշխարհում առաջինը, որտեղ կորոնավիրուսի բուժումն իրականացվում է պասիվ պատվաստման միջոցով: COVID-19-ով ծանր հիվանդ պացիենտներին ներարկում են IgG դասի հակամարմիններ, գրում է իսրայելական detaly.co.il-ը:
Պասիվ պատվաստումը հիմնված է պատրաստի հակամարմինների ներարկման վրա՝ ի տարբերություն ակտիվ պատվաստման, որը ստեղծվում է թուլացած բակտերիաների հիման վրա և իմունային ռեակցիա է առաջացնում, որի շնորհիվ հիվանդի օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ: Պասիվ պատվաստումը հիմնված է պացիենտների արյան պլազմայի հավաքման վրա, որոնք հիվանդացել են կորոնավիրուսով ու առողջացել:
Հենց այս հիվանդանոցում են ստացել SARS-CoV-2 կորոնավիրոսի դեմ առաջին պասիվ պատվաստանյութը, որն առաջինը կիրառվել է ուղեկցող հիվանդություններ ունեցող երիտասարդ կնոջ բուժման նպատակով, ով վարակվել էր կորոնավիրուսով: Ներարկումից մի քանի ժամ անց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջ վիճակը կայունացել է:
Առողջացածների արյան պլազման հիվանդանոցը հավաքում է արդեն 2 ամիս և այժմ սկսվել է դրա ակտիվ կիրառությունը: