ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Սոթքի ոսկու հանքից գողության փորձ կատարելու հանգամանքները: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017 թվականի մարտի 7-ին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը' ժամը 16:30-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի «բաց հանք» կոչվող հատվածում գտնվող հանքախորշերից մեկում նկատվել են երկու անձինք, և երբ էքսկավատորը մոտեցել է նշված հանքախորշին' այն փակելու, հիշյալ անձանցից մեկը ատրճանակ է պահել էքսկավատորի օպերատորի ուղղությամբ, որից դրդված՝ էքսկավատորի օպերատորը դադարեցրել է իր աշխատանքը, իսկ նրանք թաքնվել են հանքախորշում:

Դեպքի առթիվ մարզի դատախազությունում 2017թ. մարտի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը մարտի 10-ին ստացվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում:

Քրեական գործն ընդունվել է վարույթ, և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու համար կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' oրինական ուժի մեջ մտած դատավճռով: