«18 տարի աշխատել եմ Սոթքի ոսկու հանքում, բայց ադրբեջանցիները շատ ակուռատնի, հեշտ պայմաններով եկան, մտան այնտեղ։ Մեր ղեկավարությունը, մեզ տեր կանգնելով, իջեցրեց մեր տները։ Աշխարհը մարդասիրական նորմերից է խոսում, էսօր տեսնում ենք ինչ անպաշտպան ենք մեր աշխատանքի տեղում։ Թուրքերն ակուռատնի եկան, ոչ մի արտառոց դեպք չի եղել, ագրեսիա չենք զգացել, բայց էնպիսի մթնոլորտ էր, որ չէինք հասկանում՝ ինչ է կատարվում։ Իրենց փաստաթղթերով ու GPS-ներով եկել, ասել են, որ իրենց տարածքն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից Սոթքի ոսկու հանքի աշխատակիցը՝ ընդգծելով, որ իր երեխան այստեղ այլևս ապագա ունենալ չի կարող։
Նա նշեց՝ հույս ունեին, որ բանակցություններն այնպես կլինեին, որ հանքը Ադրբեջանի սահմանից գրեթե մեկ կիլոմետր հեռավորության վրա կգտնվեր և խաղաղապահների հսկողության ներքո ապահով ու անվտանգ կզգային իրենց․ «Էսօրվա դրությամբ, ես տեսնում եմ, որ թուրքը եկել նստել է իմ աշխատասենյակում, մտել է իմ տուն։ Իմ աշխատասենյակն իմ տուն է»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ երեկ երեկոյան ժամը 19-ի սահմաններում են ադրբեջանցիները մտել Սոթքի ոսկու հանքի տարածք։