Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին։ Նրանց համար անհասկանալի է՝ արդյոք իրենք շարունակելո՞ւ են աշխատել Սոթքի հանքում, թե՞ ոչ։

Քիչ առաջ աշխատակիցների հետ հանդիպեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ Սոթքի հանքը շարունակելու է շահագործվել․ «Ես ստացել եմ հավաստիացումներ, որ հանքը շահագործվելու է, շարունակելու է աշխատել, իսկ ծավալների մասին առաջիկայում կստանանք պաշտոնական հավաստիացումներ, քանի որ այս պահին բանակցություններ են գնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով՝ սահմանազատման աշխատանքները ոչ միայն Սոթքի հատվածով են անցնում, այլ շարունակվում և հասնում են Ջերմուկի հատված: Ըստ Թովմասյանի՝ այնտեղ ևս խնդիրներ են լինելու, քանի որ դիրքավորումների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում:

«Հայկական բանակը պետք է ապահովի տեղի բնակիչների անվտանգությունը, քանի որ աշխարհագրորեն կորցրել ենք անվտանգ «բուֆերային գոտի» Քարվաճառը, հիմա այդ խնդիրը առաջացել է, պետք է հասկանալ՝ ինչ ծավալով են մեր անվտանգությունը կարողանալու պահպանել հայկական բանակի ներկայացուցիչները: Այս գործընթացում կարող ենք ունենալ անհավասար պայմաններ, քանի որ իրենք իսկապես եկել են մի քանի հարյուր հոգով, մենք այստեղ չենք կարողացել ունենալ այդքան թվով զինվորականներ»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ երեկ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայրի տարածք և հայերից պահանջել՝ լքել տարածքը, քանի որ այն անցնում է Ադրբեջանի տիրապետության տակ է։

Տարածված տեսանյութերը, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանական ավտոմեքենաները շարժվում դեպի Հայաստանի տարածք ու մտնում Սոթքի հանքավայր, ՀՀ պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում էին։ Այնուհետև սկսեցին պարզաբանել, թե ադրբեջանցիները ոչ թե ներխուժել են հանքի տարածք, այլ պարզապես եկել են հայերի և ռուսների հետ համատեղ հայ-ադրբեջանական սահմանի պաշտոնական սահմանազատում անելու։ Ավելի ուշ, ՊՆ ներկայացուցիչը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Սոթքի հանքավայրի մի մասն անցնելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։