Վերջին երկու օրերին Ջրառատում հնչած կրակոցներն ու ՀՀԿ-ի խոստացած անվտանգությունը դարձել են համացանցում լայն քննարկման առարկա: Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:
Այս օրերին համացանցը ողողված է Ջրառատում հնչած կրակոցների մասին տարատեսակ լուրերով: Կատարվածը չի՞ դառնա արդյոք խոչընդոտող գործոն՝ ՀՀԿ-ի խոստացած անվտանգության, առաջընթացի համար:
-Ջրառատի դեպքը պետք է շատ լավ պետք է ուսումնասիրեն, որովհետև հիմնականում դրան քաղաքական աստառ տվողը հակառակ կողմն է: Ոստիկանությունը պետք է տանի լուրջ աշխատանք և պարզաբանի, թե ի՞նչ է իրականում եղել: Ես կարծում եմ, որ նման դեպքեր նորից կլինեն, և դրա պատճառն այն է, որ ՀՀԿ-ի օգտին բավականին շատ լծակներ են աշխատում, այդ թվում՝ նաև այն ՀՀԿ-ականները, ովքեր ցանկություն չունեն փոխվելու:
-Կարծում եք՝ հանրապետականներն իրենք իրար դե՞մ են պայքարելու:
-Կուսակցության ներսում աշխատում են հին հանրապետականներ, դրանք այն հանրապետականներն են, ովքեր չեն ուզում աշխատել նոր մեթոդներով: Բարդ է լինելու, և ծեծուջարդ ու կրակոցներ՝ էլի են լինլու: Սա արդեն հանրապետականների ներքին կարգապահության հարցը պետք է լինի: Որոշ դեպքերում պետք է կարողանան իրենք իրենց ներսում խնդիրները կարգավորել, ինչպես արեցին Մասիսի հայտնի ծեծկռտուքի դեպքում: Դեպքերը կկրկնվեն, քանի որ իշխանական լծակները ՀՀԿ-ի ձեռքում են, և այն մարդկանց ձեռքում, ովքեր չունեն ո՛չ գիտելիք, ո՛չ ուժ, ո՛չ ցանկություն՝ փոփոխություններ անելու: Հիշենք, որ ՀՀԿ-ում հավաքված են ոչ թե գաղափարական համակիրներ, այլ պարզապես օդիոզ դեմքեր: Սերժ Սարգսյանը, ճիշտ է, կուսակցության առաջին շարքերում ազատվեց այդ օդիոզ դեմքերից, բայց պետք է նույնն անի նաև երկրորդ և երրորդ շարքերում, որտեղ այդպիսիք դեռ կան: Մի խոսքով՝ մաքրման աշխատանքներ է պետք կատարել փոփոխությունների համար:
- Բայց չէ՞ որ ՀՀԿ-ն գնաց այդ փոփոխություններին. նա նոր «բրենդով» է ներկայանում՝ հանձին Կարեն Կարապետյանի:
-Այդ փոփոխությունների ֆոնին դեռ Կարեն Կարապետյանը թիկնապահներով է ման գալիս և ոչ բոլորն են հասկանում վարչապետի փոփոխության կոնցեպցիան, թեև, պետք է նշեմ, որ ժողովրդի հետ շփումներից ակնհայտ է դառնում նրա բարձր վարկանիշը:
-Արդո՞ք Ջրառատում կատարված դեպքերը կստվերեն այդ վարկանիշը:
-Այո՛, փորձում են և փորձելու են ստվերել այդ վարկանիշը: Դրա համար՝ ՀՀԿ-ն կփորձի բացահայտել Ջրառատի դեպքը և այն ուղարկել պատմության գիրկը: Սրան զուգահեռ՝ հակառակ կողմն անելու է ամեն բան՝ այս դեպքը տաք և թարմ պահելու համար: Տեսեք՝ նույն դաշինքը հին ձևով է աշխատում, որ և՛ իշխանությունների կողմից ճնշված ուժ ներկայանա, և՛ վարկանիշ ունենա, և՛ ստվերի ՀՀԿ-ի ունեցածը:
Հակառակ կողմ ասելով, ի նկատի ունեք ՕՐՕ դաշի՞նքը:
-Այո՛, նրանք ամեն կերպ թարմ են պահելու այս դեպքը: Տեսեք, թե ինչպես են Ջրառատի մասին հոդված տեղադրել Վիքիպեդիայում կամ ֆեյսբուքում այն դրել գովազդի տակ: Կարծում եմ՝ զոհասեղանին Կարեն Կարեն Կարապետյանի վարկանիշն է դրված և նա թույլ չի տա ինչ-որ Ջրառատի գյուղապետի՝ ջուրը գցել իր տարիների աշխատանքն ու խաղալ իր վարկանիշի հետ:
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի