Արցախի սահմանի Մարտակերտի ուղղությամբ՝ փետրվարի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ծանր վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կիրակոսյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Զինծառայողը ստացել էր գլխուղեղի հրազենային թափանցող վիրավորում: Նրան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխել էին Երևան, վիրահատել:
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ վերականգնողական բուժումը շարունակելու համար մինչև այս շաբաթվա վերջը Կորյունին կտեղափոխեն «Քրոս» առողջության կենտրոն:
Նշենք, որ հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Գուրգենը ևս գլխի շրջանում էր վիրավորվել: