Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանը, ով գտնվում էր Մուրացանի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում և կյանքի կռիվ էր տալիս, այսօր մահացել է։ 

 

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից։ 

 

Զինծառայողը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել ծառայակցի կողմից։ 

 

Գուրգեն Սարգսյանին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառած համածառայակից կրտսեր սերժանտը կալանավորվել է: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կրտսեր սերժանտը դիրքի պատասխանատուին ամրակցված ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում կատարելու ժամանակ մոռանալով ինքնաձիգից անջատել փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, քաշել է ինքնաձիգի փակաղակը, ինչի հետևանքով ինքնաձիգը լիցքաթափման փոխարեն լիցքավորվել է, ապա ստուգիչ կրակոց արձակելու նպատակով սեղմել է ինքնաձիգի ձգանը։ Արդյունքում՝ արձակված կրակոցի հետևանքով Գ.Սարգսյանին անզգուշությամբ պատճառվել է գլխի շրջանում հրազենային վիրավորում:

 

Կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: