Արցախի սահմանի Մարտակերտի ուղղությամբ՝ փետրվարի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ծանր վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակում աննշան փոփոխություն կա:
Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մուրացանի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: «Աննշան փոփոխություն կա, բայց վիճակը դեռ շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- ասաց նա: Զինծառայողը ստացել է գլխուղեղի հրազենային թափանցող վիրավորում:
Իսկ հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանի վիճակի վերաբերյալ՝ հոսպիտալի պետն ասաց՝ վիճակն անփոփոխ է, ծայրահեղ ծանր:
Մեկ այլ վիրավորի՝ պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանի առողջական վիճակը լավ է, Ասատուրյանն ասաց՝ նա գտնվում է ընդհանուր բաժնում, ապաքինվում է: Նշենք, որ Ավանեսյանը ևս վիրավորվել էր հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, նրան վիրահատել էին, մի ոտքը՝ հեռացրել:
Գուրգեն Սարգսյանին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառած համածառայակից կրտսեր սերժանտը կալանավորվել է: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կրտսեր սերժանտը դիրքի պատասխանատուին ամրակցված ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում կատարելու ժամանակ մոռանալով ինքնաձիգից անջատել փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, քաշել է ինքնաձիգի փակաղակը, ինչի հետևանքով ինքնաձիգը լիցքաթափման փոխարեն լիցքավորվել է, ապա ստուգիչ կրակոց արձակելու նպատակով սեղմել է ինքնաձիգի ձգանը։ Արդյունքում՝ արձակված կրակոցի հետևանքով Գ.Սարգսյանին անզգուշությամբ պատճառվել է գլխի շրջանում հրազենային վիրավորում:
Կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: