Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակում փոփոխություն չկա, տղան արդեն 10 օր է՝ գտնվում է հոսպիտալում: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գուրգենի հարազատները տեղեկացրին, որ վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, ոչ մի դրական տեղաշարժ կամ փոփոխություն չկա: «Բժիշկները դեռ բան չեն ասում, վիճակը նույնն է»,- փոխանցեցին վիրավոր զինվորի հարազատները: Իսկ Ստեփանակերտի հոսպիտալի պետ Զորի Սաղյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ տղան միացված է արհեստական շնչառության ապարատին: 

 

Նշենք՝ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ առաջին կայազորային քննչական բաժնում տարված քննության նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:


Առաջին կայազորային քննչական բաժնում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Քրիստինա Աղալարյան