Քեզ սպանողները պատժվելու են. առաջինը բարոյականության, երկրորդը՝ օրենքի ուժով: Այս մասին այսօր «Հաց բերողի» հուղարկավորության արարողության ժամանակ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

 

«Նրանք պատժվելու են, բայց նրանց մեծագույն պատիժը և քո մեծագույն հաղթանակն այն Հայաստանի կերտումն է, որը հենվելու է քո մարմնավորած առաքինությունների վրա: Նրանք կրելու են ամենավերջին, դաժան պատիժը: Մենք պարտավոր ենք քո ուխտը հասցնել ավարտին: Սիրելի՛ Արթուր, թույլ տուր ինձ մի փոքր անհամեստ լինել ու անձնավորված խոսք ասել: Մեկ շաբաթ առաջ այս օրը՝ երեկոյան 8:30-ին, երբ քեզ առաջնորդում էին վիրահատության սենյակ, ես կես կատակ-կես լուրջ քեզ ասացի՝ «շատ երկար չքնես, Արթուր ջան»: Երևի դու զգում էիր, որ այս անգամ եթե քնես, դա կարող է քո վերջին քունը լինել, երևի այդ պատճառով է, որ վիրահատության պատրաստելու անզգայացման գործընթացը եղավ քեզ համար դժվար ու տանջալի:

 

Դու քնեցիր ու շարունակում ես ֆիզիկապես քնած լինել: Հիմա ասում՝ եմ երկար քնիր, Արթուր ջան, քո տանջահար մարմինը թող երկար քնի: Բայց մարմինը մահանում է, հոգին ու միտքը մնում են անմահ: Դու հանգիստ քնի, դու բարձրանալու ես բարձրյալի մոտ, իմացի՛ր, որ մենք քո հոգու ու մտքի կարիքն ունենք, մեկ-մեկ այցելիր մեզ, մեկ-մեկ ճախրիր, թևածիր, ուժ տուր, առաջնորդիր մեզ քո վեհանձնությամբ ու առաքինությամբ»,- ասաց Ենիգոմշյանը:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ Ենիգոմշյանը հայտարարեց, որ իրենք երդվում են Արթուր Սարգսյանին հետագայում ամփոփել Եռաբլուրում կամ իր համար նախատեսված հուշահամալիրում:

 

«Այսօր զլանում են քեզ ամփոփել անմահների պանթեոնում, քո ընկերների մոտ: Ես վստահ եմ, ես և մենք երդվում ենք, որ քո հանգիստը մեկ անգամ ֆիզիկապես խանգարելու ենք ու քեզ ամփոփենք Եռաբլուրում, կամ եթե քո համար ժողովուրդը կուզենա առանձին հուշահամալիր ստեղծել, այնտեղ: Ես և բոլորս երդվում ենք, որ դա անելու ենք»,- խոստացավ Ալեք Ենիգոմշյանը:

 

Այս պահին հուղարկավորում են Արթուր Սարգսյանին՝ ծափահարությունների ներքո: