«Ուրախ եմ, որ կրկին դարձա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Սա ինձ հետագայում ավելի մեծ ուժ կտա և կփորձեմ առավելագույնն անել, որպեսզի կրկին արժանանամ այս մրցանակին», ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Նշենք, որ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման մրցանակը Մխիթարյանին հանձնվեց այսօր:
Խոսելով Ղազախստանի դեմ խաղից առաջ հավաքականում տիրող մթնոլորտի մասին, կիսապաշտպանը նշեց.
«Հավաքականում մթնոլորտը շատ լավ է, բորլորը շատ լավ են տրամադրված, բոլորս էլ շատ լավ ենք պատրաստվում, բոլորս էլ գիտենք այս խաղի արժեքը: Կարծում եմ՝ խաղին շատ լավ պատրաստված կլինենք և կկարողանանք լավագույնս դրսևորել մեզ և, իհարկե՝ խաղալ հաղթանակի համար:
Երկրպագուները միշտ էլ մեզանից շատ ակնկալիքներ ունեն: Ցանկացած խաղում բոլորը հաղթանակի են սպասում, մենք' նույնպես: Ցանկացած երկրպագու մեզանից այս խաղում հաղթանակ է սպասում: Մենք միշտ էլ հաղթանակի համար ենք խաղացել: Եղել են դեպքեր, երբ ստացվել է, եղել են դեպքեր, երբ չի ստացվել»:
Իր վնասվածքի մասին խոսելիս, ֆուտբոլիստն ասաց.
«Փոքր վնասվածք ունեի, այդ իսկ պատճառով էլ չկարողացա մասնակցել Միդլսբրոյի դեմ խաղին, չնայծ, որ պահեստայինների նստարանին էի նստած: Ամեն ինչ նորմալ է, ինձ լավ եմ զգում և 100 տոկոսով պատրաստ կլինեմ մարտի 26-ի խաղին»:
Դիտարկմանը, թե տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար մրցակցություն չկա՞, Մխիթարյանը պատասխանեց.
«Մրցակցություն միշտ էլ կա: Կապ չունի, թե որերորդ անգամ եմ դառնում տարվա լավագույն ֆուտբոլիստը: Ինձ համար խաղընկերներս ընկեր են և բոլորն էլ մրցակից են այս անվանակարգում: Խաղում եմ ոչ թե Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար, այլ առաջին հերթին իմ ու ազգիս համար, որպեսզի կարողանամ Հայաստան անունը բարձր պահել թե՛ Անգլիայում, թե՛ աշխարհում: Ինձ համար կարևոր է, որպեսզի Հայաստանի մասին իմանան բոլորը: Միշտ էլ ասել եմ, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալը մեծ պատիվ է, բայց դա առաջնային նպատակը չէ, որովհետև ավելի մեծ նպատակներ ունեմ և շարժվում եմ առաջ, փորձում եմ հասնել նպատակներիս»: