Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլում Լեհաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց լրագրողներին:
Հայաստանի հավաքականի ավագը նշեց, որ ընտրանի միշտ էլ գալիս է բարձր տրամադրությամբ, հավելելով, որ վաղվա խաղին պատրաստվել են հնարավորինս լավ:
«Հոսով եմ՝ կխաղանք այնպես, որ նույն սխալները թույլ չտանք, որոնք թույլ էինք տվել նախորդ խաղերին, և դրական արդյունք ենք սպասում»:
Խոսելով թիմերի միջև նախորդ խաղը բաց թողնելու, ինչպես նաև Լևանդովսկիի, Բլաշիկովսկիի, Պիշչեկի մասին, ֆուտբոլիստն ասաց.
«Այո՛, չեմ խաղացել, բայց հետևել եմ այդ խաղին: Տեսել եմ, որ տղաները մեծ ջանք գործադրեցին, որ խաղը 1:1 ավարտվեր: Բայց չստացվեց: Վերջում հենց Լևանդովսկին գոլ խփեց: Երեք ֆուտբոլիստներին էլ շատ լավ ճանաչում եմ: Հոյակապ ֆուտբոլիստներ են, շատ մեծ ուժ են Լեհաստանի հավաքականի համար: Շատ լավ տղաներ են: Վաղը եթե հնարավորություն ունենամ, խաղից հետո մեծ հաճույքով կհանդիպեմ նրանց»:
Մխիթարյանը խոսեց նաև ընթացիկ ցիկլի մասին և ասաց, որ թիմը պետք է բարձրակարգ խաղ ցույց տա.
«Դեռ ունենք երկու հանդիպում, որից հետո հնարավոր կլինի ամփոփել ընդհանուր ցիկլը: Չնայած՝ մնացել է երկու հանդիպում, պետք է ամենաբարձր ձևով ներկայանանք և կարողանանք դրական արդյունքի հասնել այդ երկու խաղերում էլ: Ճիշտ է՝ հնարավորություն չունենք աշխարհի առաջնություն դուրս գալու, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև խաղալու ենք մեր ազգի համար, մեր թասիբի համար, դրական արդյունքի հասնելու և ապացուցելու համար, որ որոշ մարդիկ սխալ են՝ կարող ենք լավ խաղալ և արդյունքի հասնել»:
Անդրադառնալով հավաքականում և ակումբում խաղալու, հավաքականում իր օգտակարության վերաբերյալ երկրպագուների դժգհությանը, ֆուտբոլիստն ասաց.
«Ես տարբերություն չեմ դնում ազգային հավաքականում և «Մանչեսթր»-ում խաղալու մեջ:
Երկու դեպքում էլ ցանկանում եմ առավելագույնն անել, ինչ-որ տեղ կարող է ստացվի, ինչ-որ տեղ՝ չստացվի: Չի սխալվում այն մարդը, ով ոչինչ չի անում: Եթե երկրպագուներ կան, ովքեր դժգոհում են, դա նրանց կարծիքն է: Գիտեմ՝ ինչքանով եմ տրվում հավաքականի խաղերին և փորձում եմ ամեն հնարավորին անել, որպեսզի օգնեմ: Եթե հաշվի առենենք, որ «Մանչեսթր»-ում հնարավոր է՝ խաղը ավելի շատ ինքս ինձ վրա վերցնեմ, ապա հավաքականում փորձում եմ թիմակիցներիս օգնել, որպեսզի թիմային խաղ ստացվի, այլ ոչ թե առանձին, որ ցույց տամ, թե ինչի եմ ունակ»:
Դանիայի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ չկայացած հանդիպման, խաղի մասին խոսելիս, մեր ընտրանու ավագն ասաց.
«Այո՛, չհանդիպեցի լրագրողներին, չցանկացա խոսել, որովհետև նյարդայնացած էի: Նյարդային ժամանակ ավելի լավ է՝ ընդհանրապես չխոսես: Կարող եմ ասել, որ այդ խաղն արդեն անցյալում է, սխալներն ուղղել ենք և կփորձենք դրանք վաղը չկրկնել: Ինչ վերաբերում է Լեհաստանի խաղին, ապա վերլուծել ենք, գիտենք՝ ինչպես խաղալ, բայց ավելի շատ պետք է տրամադրվենք մեր խաղի վրա»: