Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախորդ տարվա արդյունքներով ճանաչվել է ԱՊՀ տարածքի լավագույն ֆուտբոլիստ: Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումից հետո Մխիթարյանին կհանձնվի պատվավոր մրցանակը: Մինչ այդ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ծավալուն հարցազրույց է տվել «Սպորտ էքսպրես» պարբերականին, որում անդրադարձել է Ռուսաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը (հարցազրույցը հրապարակվել է նախքան Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղը), Չեմպիոնների լիգայում իր ակումբի մրցակից «Զենիթի» հնարավորություններին, Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նշանակմանը, «Բորուսիայում» և հավաքականում իր նպատակների մասին: Ստորև ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:

 

- Դուք հիմա «Բորուսիայում» եք' աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկում: Հիմա Ձեր կարիերայի գագաթնակե՞տն է: Թե՞ գուցե ավելի բարձր նպատակներ կան, ավելի ուժեղ ակումբների մասին եք երազում:

-Կցանկանայի հնարավոր բոլոր բարձունքներին հասնել «Բորուսիայի» հետ: Դա իրատեսական է: Բարձրակարգ ակումբ է, մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչին' չնայած ընդամենը մի քանի տարի առաջ քիչ էր մնում սնանկանար: Ինձ համար մեծ պատիվ է «Բորուսիայում» խաղալ և ես երազում եմ այդ թիմի հետ տիտղոսներ նվաճել:


- Ստացվում է, որ «Բորուսիայի» համար մեկ ելք գոյություն ունի` հաղթել Չեմպիոնների լիգայում:

-Մենք հենց դրա համար էլ խաղում ենք: Չեմպիոնների լիգայում լավագույնը դառնալու մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ: Սակայն «Բորուսիայի» համար ցավալի պարտությունից հետո այն ավելի սկզբունքային է: Ով մեկ անգամ եղել է եզրափակիչում, երազում է վերադառնալ ու հաղթանակ տոնել:

- Իսկ ի՞նչ նպատակներ ունեք' կապված Հայաստանի հավաքականի հետ:

-Հաղթել յուրաքանչյուր խաղում: Բացի այդ, ժամանակն է, որ Եվրոպայի առաջնությունում խաղանք: Սակայն 2016թ. այդ նպատակին հասնելու համար պետք է ոչ թե երազել, այլ քրտնաջան աշխատել:

-Ի՞նչ կասեք հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մասին:

-Մենք ընդամենը 15 րոպե ենք շփվել երկուշաբթի օրը: Շալանդից շատ բան կարելի է սովորել, իզուր չեն նրան հրավիրել: Ճիշտ է, նախկինում նրա մասին չեմ լսել: Սակայն նշանակումից հետո շատ կարդացի նրա մասին: Միասին կաշխատենք:

-Ճի՞շտ է, որ Շալանդի թեկնածությունը հայկական ֆուտբոլի ֆեդերացիային խորհուրդ է տվել Յուրգեն Կլոպը:

-Անկեղծ ասած, տեղյակ չեմ:

-Խոսենք եվրագավաթների մասին. «Բորուսիան» մրցակցի հարկի տակ հաղթեց «Զենիթին» 4:2 հաշվով: Ռուսաստանում գրեթե բոլորը թևաթափ եղան: Քչերն են հավատում, որ հրաշքը հնարավոր է: 

-Ես հասարակ բան կասեմ. միշտ էլ կա հնարավորություն:

-Մենք գիտենք, որ Դուք մեծ դիվանագետ եք:

-«Զենիթի» համար իսկապես դեռ ոչինչ կորած չէ: Գերմանիայում հետաքրքիր խաղ կլինի: Այլ հարց է, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի «Զենիթն» իր հնարավորությունը չօգտագործի: Սեփական հարկի տակ մեզ համար ձեռնտու կլինի միայն հաղթանակը:

 

-Հայաստանում կան մարդիկ, ովքեր տարակուսում են. «Ինչպե՞ս կարող է մեր Հենրիխը խաղալ մի թիմում, որտեղ հանդես է գալիս թուրք Շահինը»: Ի՞նչ կպատասխանեք նրանց:

-Խաղերի ժամանակ բոլորը տեսնում են, թե ինչ հարաբերություններ են մեր միջև: Այդ թեման կարելի է փակել: Մենք այդ ցավոտ հարցը նույնիսկ չենք էլ քննարկել, հարկ չկա: Իսկ ահա հումորներ, կատակներ շատ են լինում: Շահինն այն մարդկանցից է, ով օգնել է ինձ «Բորուսիայում» հայտնվելու առաջին օրվանից: Ինձ մնում էր միայն խնդրել այդ մասին: Շատ ընկերասեր ու միշտ օգնության հասնող անձնավորություն է:

-Եղավ մի պահ, երբ Դուք պատրաստվում էիք իրացնել 11-մետրանոցը, բայց Կլոպն ասաց. «Թող նշանակետին մոտենա Լևանդովսկին»: Դուք շատ հիասթափվեցիք, իսկ Շահինն առաջինը մոտեցավ սփոփելու:


-Մի կողմից տխրեցի, որ թույլ չտվեցին իրացնել 11-մետրանոցը, մյուս կողմից' հաճելի է, որ տղաներն աջակցեցին:

- Ի՞նչ ասաց Կլոպը խաղից հետո:

-«Իմ մեղավորությունն է, կներես Հենրի'խ»: Ես պատասխանեցի, որ ներողություն խնդրելու կարիք չկա: «Դուք մարզիչն եք, Դուք եք ընտրում, թե ով պետք է իրացնի 11- մետրանոցը, ով' ոչ»: Մենք միմյանց հասկացանք առանց որևէ վիրավորվածության:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ռուսաստանի հավաքականի դեմ խաղից:

-Երբ խաղում ես մի թիմի դեմ, որտեղ այսպիսի ուժեղ ֆուտբոլիստներ են հավաքված, ապա միշտ էլ կարող ես օգուտներ քաղել: Ռուսների կազմում ոչ մեկի չեմ առանձնացնի:

-Խաղից առաջ «Սպորտ էքսպրեսի» ընթերցողներին խնդրեցինք Թվիթերում մեզ հարցեր ուղարկել: Ահա դրանցից առաջինը. սոցիալական ցանցերում ինչպիսի՞ ակտիվություն եք ցուցաբերում:

-Ես ունեմ իմ էջը, սակայն ես այն չեմ վարում, ինձ տեղեկացնում են: Չեմ ուզում, որ ինչ-որ մեկը ներխուժի իմ անձնական կյանք, որպեսզի բոլորն իմանան, թե որտեղ եմ ես ու ինչ եմ անում: Ավելի լավ է միայնակ մնալ կամ լինել հարազատների կողքը:

-Գաղտնիք չէ, որ «Լիվերպուլի» բամաթիվ երկրպագուներ մինչ օրս իրենց երազներում Ձեզ տեսնում են իրենց ակումբի մարզաշապիկով: Ժամանակին Ձեր տեղափոխության համար նույնիսկ առանձին գումար տրամադրվեց, սակայն անհասկանալի պատճառներով տրանսֆերը ձախողվեց: Հարց «Լիվերպուլի» երկրպագուից. Ձեզ մի օր այդ թիմում տեսնելու հնարավորություն կա՞:

-Բայց չէ, որ դա ինձնից կախված չէ: Այսինքն, հարցն ինձ պետք չէ ուղղել: Ստացվեց այնպես, որ ես խաղում եմ Դորտմունդում: Այսպիսին է կյանքը:

-Իսկ ընդհանրապես, կուզենայի՞ք խաղալ Անգլիայում:

-Բունդեսլիգան ոչնչով չի զիջում Պրեմիեր լիգային: Այստեղ էլ խաղի տեմպը բարձր է, հանդիպումները հետաքրքիր են անցնում: Այս առաջնություններում թիմերը խաղադաշտ դուրս չեն գալիս պաշտպանվելու, «միայն գոլ բաց չթողնենք ու գոնե մեկ միավոր վաստակենք» մտքերով:

-Հարց Գերմանիայից. համաձա՞յն եք, որ Դորտմունդի երկրպագուներն ամենանվիրվածներն ու ամենախելահեղներն են:

-Այո, այդպիսի լավ իմաստով խելագար երկրպագուների դեռ ոչ մի տեղ չեմ հանդիպել:

-Սակայն «Էյնֆիլդում» ավելի լավ են երգում, խոստովանե'ք:

-Իսկ ես «Էյնֆիլդում» չեմ եղել: