Մի կին է զոհվել մասնավոր տան քանդվելու հետեւանքով, որի պատճառը Խարկովի մարզում զինամթերքի պայթյուններն են: Գերագույն ռադայի նիստում այս մասին հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչյոտկինը:
«Մարտի 23-ի ուշ երեկոյան բնակելի հատվածի զննման ընթացքում տան քանդված կառուցվածքների տակ գտնվել է մի զոհված կին՝ ծնված 1951 թվականին»,- ասել է նա:
1962 թվականի ծնունդ եւս մեկ կին ստացել է գլխի բեկորային վերք, հավելել է Չեչյոտկինը՝ վկայակոչելով Ուկրաինայի առողջապահության նախարարության տեղեկատվությունը:
Ներկայում Բալակլեայում իրադրությունը մնում է բարդ, զինանոցի տարածքում պայթյունները շարունակվում են, բայց զգալիորեն նվազ ինտենսիվությամբ: Ավելի վաղ տասըկիլոմետրանոց գոտուց տարահանվել է շուրջ 20 հազար բնակիչ, որոնցից 17 հազարը մեկնել է ինքնուրույն: Ընդամենն արտակարգ դրության հետեւանքների վերացման գործում ներգրավված են 1,3 հազար մարդ եւ 230 միավոր տեխնիկա:
Մինչեւ վերջերս Բալակլեայի պահեստը համարվում էր Եվրոպայում խոշորագույն վայրը, որտեղ պահվում էին առանձին տեսակի զինամթերքներ: Դրա տեխնիկական մակերեսը կազմում է 368 հեկտար: Այս բազան նախատեսված է 150 հազար տոննա զինամթերքի համար, այժմ, զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ այնտեղ գտնվում է 125 հազար տոննա զինամթերք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: