Քեսաբ գյուղաքաղաքի մերձակայքում գտնվող Չալմայի բարձունքների մարտերում հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Քեսաբի աղբյուրը՝ նշելով, որ զոհվածը 1962թ.-ին ծնված, 2 զավակների հայր Վարդան Անդրյանն է: Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ ևս մեկ հայ' Սարո Բաբուջյանը, վիրավորվել է: Բարեբախտաբար, նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպ առնում:

 

Վարդան Անդրյանը և Սարո Բաբուջյանը կամավորական ջոկատներում կռվում էին սիրիական բանակի կողքին: Չալմայից վերադառնալու ժամանակ հրթիռ էր պայթել նրանց գտնվելու վայրում: Նրանք Քեսաբի Քարադուրան գյուղից են:

 

Ինչ վերաբերում է Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում ապաստան գտած քեսաբահայերին, ապա աղբյուրը նշեց, որ նրանց վիճակը նույնն է. բոլորը հույսով սպասում են իրենց բնակավայրեր տեղափոխվելու հնարավորության մասին ուրախալի լուրին:

 

Քեսաբի շրջանի վրա մարտի 21-ին զինյալների հարձակումից հետո քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները' Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Մինչև այժմ Թուրքիան շարունակում է զենք մատակարարել և ֆինանսավորել զինյալներին: