Ինչպես հայտնի է, Հայաստան է ժամանում ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը: Կարապետյանի այցի ֆորմալ պատճառաբանությունը, թերևս, տնտեսական է. հայաստանյան կառավարությանն ու տնտեսությանն աջակցող ռուս-հայաստանյան ներդրումային ֆոնդ է ստեղծվում, որի բուն նպատակը Հայաստանում ներդրումների ներգրավումն է, մարզերի զարգացումը խթանելը: Մի խոսքով՝ ոչ մի քաղաքականություն:
Մեկ բան, սակայն, առավել քան հստակ է. հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որը Կարապետյանի կողմից ընտրվել է՝ Հայաստան այցելելու համար, ինչպիսի ֆորմալ պատճառաբանություններ էլ չբերեն, բացառում է այն տեսակետի ճշմարտացիությունը, թե դա ընդամենը բիզնես նպատակներով կատարվող այց է: Սամվել Կարապետյանի՝ Հայաստան կատարած այցի ու Հայաստանում ներդրումներ անելու պատրաստակամություն հայտնելու միակ նպատակը վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերը Հայաստանի ներքաղաքական կյանքում ամրապնդելն է, ինչը, բնականաբար, նախապես համաձայնեցված է Մոսկվայի հետ. չմոռանանք՝ Կարապետյանի կապիտալը նախևառաջ ռուսական կապիտալ է, ինչն էլ ի սկզբանե բացառում է հավանական ներդրումների ինքնաբուխ լինելը:
Բայց Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու փորձերը կարող են նաև հստակ դիվիդենտներ բերել ոչ միայն անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանին, այլև իշխող Հանրապետականին. ընտրություններին մի քանի օր է մնացել, ու եթե ՀՀԿ քարոզիչներն այնքան խելացի գտնվեն, որ Կարապետյանի այցը կարողանան ներկայացնել որպես կուսակցական ձեռքբերում, ինչը, բնականաբար, այսպես թե այնպես արվելու է, ապա Կարեն Կարապետյանի վարկանիշի մեծացման հետ զուգահեռ, կմեծանա և ՀՀԿ վարկանիշն, ինչը կարող է խիստ դրական ազդեցություն թողնել ընտրությունների վերջնաարդյունքների վրա՝ մի բան, որը միանգամայն ձեռնտու է Մոսկվային. այցի ժամանակահատվածի ընտրությունն, ինչպես ասացինք, պատահաբար չի ընտրված:
Իսկ ամեն գնով ՀՀԿ-ի հաղթանակին նպաստելու Սամվել Կարապետյանի, իսկ իրականում Մոսկվայի ցանկությունն ընդամենը մեկ բանով է պայմանավորված. Կրեմլում լիահույս են, որ ՀՀԿ ռեբրենդինգը, որ սկսվել է Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ նշանակումով, կունենա իր տրամաբանական ավարտը. Կարապետյանը կդառնա այդ կուսակցության իսկական առաջնորդը: Այլ կերպ ասած՝ Մոսկվան Սամվել Կարապետյանի օգնությամբ փորձում է ՀՀԿ-ն դարձնել Կարեն Կարապետյանի քաղաքական իրական հենարանն, ինչը կերաշխավորի վերջինիս շանսերը 2018թ-ից հետո ևս վարչապետ մնալու, հետևաբար նաև ՌԴ դիրքերը Հայաստանում անդառնալիորեն ամրապնդելու. ամիսներ առաջ ՀՀԿ հին գվարդիայի դեմ սկսված դեմարշի ողջ էությունը հենց դրանում էր:
Թե ինչ ազդեցություն կունենա Սամվել Կարապետյանի այցը Հայաստանի ներքաղաքական դաշտի կոնյուկտուրայի վրա, ցույց կտա, թերևս, ժամանակը, բայց որ սոցիոլոգիական ամենաբազմազան հարցումները վկայում են՝ ՀՀԿ-ի վերարտադրությունն այնքան էլ երաշխավորված չէ, փաստ է. չի բացառվում և ընտրությունների երկրորդ փուլի անցկացումն, ինչը դաշտում կստեղծի ՀՀԿ-ի համար միանգամայն անկանխատեսելի իրավիճակ՝ սպառնալով նաև Կարապետյանի քաղաքական ապագային: Ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը կարող է ճակատագրական դառնալ Կարապետյանի համար, քանի որ ՀՀԿ-ի ողջ անհաջողությունը կբարդվի հենց վերջինիս վրա, ինչն էլ կարող է վերջակետը հանդիսանալ Կարապետյանի հայաստանյան կարիերայի. Մոսկվային անհրաժեշտ է ՀՀԿ-ի սրընթաց հաղթանակ. ծամծմելու ժամանակ չկա…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ