«Ծառուկյան» դաշինքն այսօր մեծ վստահություն ունի: Աննախադեպ է հանրության կողմից այս դաշինքի նկատմամբ ցուցաբերված վստահությունը: Պետք է նշեմ, որ սա կապված է և՛ Գագիկ Ծառուկյանի, և՛ նրա թիմի և իր շուրջ ձևավորված դաշինքի հետ: Քաղաքացիներն իրենց հույսը կապում են «Ծառուկյան» դաշինքի հետ, քանի որ մեր ներկայացրած ծրագրերը խիստ իրատեսական և ռեալ են»,-այս մասին այսօր ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի կողմից Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գևորգ Պետրոսյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ քարոզարշավի ընթացքում ամբողջ Հայաստանի տարածքում շրջելով և հանդիպելով հասարակության տարբեր շերտերին և խավերին՝ ակնհայտ է դարձել մի անհերքելի փաստ. ««Ծառուկյան» դաշինքի նկատմամբ հետաքրքրվածությունն ու հավատը որևէ մեկը չի կարող հերքել: Գնացե՛ք Հայաստանի ցանկացած շրջան և կտեսնեք, թե քաղաքացին ում է վստահում, ով է տվել նրան հույս, որ իր խնդիրները լուծվելու են: Եվ դա միայն հույս չէ, դա ռեալ գործընթաց է»:
Գևորգ Պետրոսյանը խոսեց նաև Դաշինքի նկատմամբ մյուս կուսակցությունների և դաշինքների քննադատությունների մասին՝ դրանք համարելով չհիմնավորված և բովանդակազուրկ. «Մենք որևէ մեկին չենք քննադատում, մինչդեռ ուրիշները զբաղված են թիվ մեկ ընդդիմադիրի կոչումը սերտելով: Ես խորհուրդ կտամ նրանց՝ հարգանքով վերաբերվել իրենց քաղաքական մրցակիցներին: Մենք հենց այդպես ենք վարվում: Ես անձամբ՝ հետևում եմ, որ իմ շրջապատում երբևէ չհնչեն որևէ մեկին վիրավորող մտքեր, մինչդեռ մյուսները, ձեռքները ծալած, «Ծառուկյան» դաշինքին են քննադատում, էլ չեմ խոսում մանր-մունր խուլիգանությունների մասին, որոնց մենք չենք էլ էլ պատասխանում»,-նշեց Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուն:
Վերջինս խոսեց նաև հետընտրական զարգացումների և, մասնավորապես, քաղաքական միավորումներ կազմելու մասին, նշելով, որ իրենք գնում են Ազգային ժողով մեծամասնություն վերցնելու համար, բայց եթե ստացվի այնպես, որ մի քանի տոկոս իրենց պակասի՝ մեծամասնություն դառնալու համար, ապա իրենք չեն փոշիացնի քաղաքացիների քվեները և դաշինքի կգնան միայն ժողովրդի շահը պաշտպանող ուժի հետ:
Աղավնի Սուքիասյան