«ՀՀ կառավարությանը կից Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ մարզերում տեղակայված անավարտ շենք-շինությունների վերաբերյալ և ներկայցվել են դրանց ավարտման վերջնաժամկետներն ու լուծումները: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ առկա են խնդիրներ՝ մարզերում բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»,-այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարեց Քաղաքաշինության պետական կոմիտեին՝ երկամսյա ժամկետում Կառավարությանը ներկայացնել մարզերում տեղակայված շենքերի մասին հստակ տեղեկատվություն և դրանց ավարտման ժամանակացույցը, մշակել համապատասխան ծրագիր՝ այդ շենքերում երիտասարդ և բազմանդամ ընտանիքներին բնակարան տալու վերաբերյալ: Վարչապետը հանձնարարեց բոլոր մարզպետներին՝ ներկայացնել հստակ տվյալներ՝ իրենց մարզում ապրող բազմանդամ և երիտասարդ այն ընտանիքների վերաբերյալ, ովքեր ունեն բնակարանի ձեռքբերման խնդիր:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ քննարկել և կառավարությանը ներկայացնել կարծիք՝ եկամտահարկի մասին օրենքում և հիպոթեքային վարկի մարման տոկոսների վերաբերյալ փոփոխությոնների մասին:
ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը վարչապետին խնդրեց այս միջոցառումների ընթացքում հաշվել նաև նույն խնդիրն ունեցող զինվորականներին և առաջնագծում ծառայողներին: