Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերը՝ ճանապարհային նշանները, լուսացույցները, համապատասխան սյուները և այլն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ չնայած օրենքով սահմանված կարգավորումներին, գործնականում գրանցվում են դեպքեր, երբ նշված տարրերի վերանորոգման կամ վերականգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում: Նրա խոսքով, խնդիրը հիմնականում պայմանավորված է նման դեպքերի արձանագրման խիստ հսկողության ոչ լիարժեք իրացմամբ:
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնարարում եմ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին 1-ամսյա ժամկետում Տարածքային համայնքների ղեկավարների հետ համատեղ՝ գույքագրել ճանապարհային պատահարների հետևանքով ճանապարհային կահավորանքին պատճառված վնասի դեպքերը և ստացված փոխհատուցման շրջանակներում ձեռնարկել միջոցներ դրանց վերականգնման ուղղությամբ: Ըստ անհրաժեշտության քննարկել նաև իրավական ակտի նախագծի մշակման հարցը»,-ասաց վարչապետը:
Միաժամանակ, Ոստիկանության պետին հանձնարարվեց սահմանել խիստ հսկողություն՝ ճանապարհային պատահարների դեպքերում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքին պատճառված վնասները ներառելու համար: