ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը։ 

Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ 2018 թվականի «Գործարարությամբ զբաղ­վելը» զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին, և արձանագրվել էին որոշակի խնդիրներ։ Ըստ գործադիրի ղեկավարի՝ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում նաև առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա։

«Օրենսդրության համաձայն՝ նշված թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն դրանց տրամադրման նորմատիվային մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումները խիստ պատճառաբանված։ Միաժամանակ գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական գործառույթներ»,- ասաց վարչապետը։

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաև ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղված առաջարկություններ և դրանք ներկայացնել կառավարության աշխատակազմ: