Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մարտի 31-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է պատրաստում նախորդ տարի ապրիլի 2-ին Արցախում սկսված քառօրյա պատերազմի վերաբերյալ:
Փաստացի Մոսկվան շուրջ մեկ տարի տևած լռությունից հետո ի վերջո որոշել է խոսել, ինչ է ասելու՝ դժվար է կռահել: Կրեմլը համառորեն լրում էր նաև անցած տարի, երբ ադրբեջանական զինուժը մասշտաբային հարձակման էր անցել: Միայն օրվա երկրորդ կեսին նույն Մարիա Զախարովայի շուրթերով մեր ռազմավարական դաշնակիցը հայտարարեց, որ Մոսկվան հետեւում է իրադարձությունների զարգացմանն ու փորձում պարզել, թե ինչ է կատարվում:
Այն ժամանակ, երբ առանց ՀԱՊԿ օժանդակության հայկական զինված ուժերը կասեցրին հակառակորդի առաջխաղացումը և ստիպեցին խուճապահար փախուստի մատնվել՝ Մոսկվան կարծես թե հասկացավ ինչ է կատարվում և եղավ առաջին արձագանքը՝ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի անունից կնքված զինադադարը. Ընդ որում, ուշագրավ էր այդ օրերին նաեւ Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե ինքը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե հայկական զինուժը խոստանա, որ առաջ չի գնա:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը փորձեց բանակցային գործընթաց բերել Լավրովի պլանը, որին սակայն Հայաստանը դիմադրեց, իսկ արդեն մայիսին տեղի ունեցավ Վիեննայի հանդիպումը ԱՄՆ հովանու ներքո, որտեղ Ադրբեջանին ներկայացվեց հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման պահանջը: Մոսկվան օգտագործեց Սանկտ-Պետերբուրգյան հանդիպումը այս հարցը օրակարգից դուրս մղելու համար, սակայն անմիջապես ականատես եղանք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությանը, առ այն, որ հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման հարցը շարունակվում է մնալ բանակցային օրակարգի ամենակարևոր հարցը:
Դրան հաջորդեցին ոչ պակաս կարևոր իրադարձություններ: Սեպտեմբերին Հայաստան մատակարարվեց Իսկանդերը, միևնույն ժամանակ ակտիվորեն քննարկվում էին 200 միլիոն դոլարի վարկով ռուսական սպառազինության ձեռք բերման հարցը: Ռուսաստանը կարծես թե արեց ամեն բան ուժերի հավասարակշռությունը վերականգնելու նպատակով:
Ռուսական կողմի սպասողական վիճակը ապրիլյան պատերազմի օրերին անհրաժեշտ է դիտարկել իբրև հակամարտության կարգավորման կազանյան ծրագրի իրականացման հույս, որը չիրագործվեց հայկական զինված ուժերի բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Ադրբեջանական տապալված արկածախնդրությունը զգալիորեն վնասեց Հայաստանում Կրեմլի դիրքերին և ռազմավարական դաշնակցի վերաբերյալ պատկերացումների վերանայմանը:
Այսօր Ռուսաստանը մի կողմից փորձում է վերականգնել տնտեսական և քաղաքական ներկայացվածությունը Հայաստանում , փորձելով նաև կառավարել տարածաշրջանում անվտանգության համակարգերի փոփոխման գործընթացը, որը ակնհայտորեն արդեն մեկնարկել է: Մյուս կողմից ՌԴ համար առանցքային նշանակություն են ձեռք բերել Արևմուտքի և Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ ինչը ևս տարածաշրջանային քաղաքականության պրիզմայի ներքո դիտարկելիս կարող է իր ազդեցությունը թողնել անվտանգության համակարգի ձևաչափերի ընտրության հարցում:
Այս տեսանկյունից խիստ ուշագրավ է դառնում, թե ինչ շեշտադրումներ են լինելու Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Արդյոք հայտարարության մեջ տեղ կգտնեն նաև ռուսական կողմի մեսիջները պայմանավորված մեր երկրում այդ օրը անցկացվող խորհրդարանական ընտրությունների հետ, և եթե այո, ապա ինչ տոնայնության մեջ կլինեն այդ ազդակները: Փաստորեն, մեկ տարի անց Կրեմլը ի վերջո պատրաստվում է խոսել…
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ