«Արմենիա» ԲԿ-ում մեկ օրական նորածին է մահացել: Ապրիլի 2-ին ծնված և 3-ին մահացած նորածինը ծնվել էր խնդիրներով: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
Կենտրոնի տնօրենի խոսքով՝ երեխայի մոտ առկա է եղել արտառոց ներարգանդային ինֆեկցիա. «Վիրահատության երկրորդ օրը, չորրորդ կեսարյան հատումից հետո նորածինը մահացավ: Նորածինն ունեցել է շատ ծանր ներարգանդային ինֆեկցիա: Լեյկոցիտների քանակի նորման 5000 է, իսկ նրա մոտ՝ 50.000 էր: Դա արտառոց ներարգանդային ինֆեկցիա է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երեխան անհաս էր, ծնվել էր 32 շաբաթականում:
Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ ինքն անձամբ է դին ուղարկել դատաբժշկական փորձաքննության. «Դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո արդյունքներն ամեն բան ցույց կտան»:
Ռազմիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ծննդկանի չորրորդ կեսարյան հատումն է եղել, նա չբացառեց նաև, որ երեխայի խնդիրների առկայությունը պայմանավորված կարող էր լինել կենցաղային պայմաններով. «Կենցաղային պայմաններն էլ գուցե պատճառ են, նրանք կարծեմ խոզնապահներ են և բնակվում են ֆերմայում, այդպիսի վիճակում են»:
Սոնա Հարությունյան