«Ինչպես տեսաք՝ Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը Խորվաթիայում մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը: Գոհ ենք աղջիկներից: Նրանց աշխատանքի արդյունավետությունը գնահատվում է 70%: 

 

Տղաները իսկապես փառքով և փառահեղ մասնակցեցին առաջնությանը: Օլիմպիական խաղերից հետո ուշքի գալ և այսքան կարճ ժամանակամիջոցում այս արդյունքին հասնելը հերոսություն է: Այսքանից ավելի մեդալ չէինք կարող ունենալ: Մեր հնարավորություններն այսքան էին»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ ասաց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

 

«Անդրանիկ Կարապետյանը նոր էր ապաքինվել Օլիմպիական խաղերի վնասվածքից: Որոշեցի, որ մասնակցի, որպեսզի հոգեբանական ճնշումից ազատվի: Ամեն դեպքում՝ Անդրանիկը մասնակցեց բարձր մակարդակով, սպասվածից էլ՝ ավելի լավ: 

 

Երկու երիտասարդ ընգրկված էին կազմում: Երկու երիտասարդներից մեկը` Սամվել Գասպարյանը, հրաշալի մասնակցեց: Նա իրեն լավ դրսևորեց: Կարուշ Խուկասյանը, չէի ասի, որ չարդարեցրեց մեր հույսերը, նրա արդյունքը  բավարար է»,-նշեց մարզիչը:

 

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Փաշիկ Ալավերդյանն ասաց.

 

«Հիմա սկսում ենք ուսումնամարզական հավաքները: Առաջին ուսումնամարզական հավաքը կլինի Ուկրաինայում: Օլիմպիական կոմիտեն միշտ մեր կողքին կանգած է և այս գործում մեզ միշտ աջակցում է: Մեկ հավաք էլ ունենալու ենք Կազանի մոտ գտնվող փոքրիկ քաղաքում: Մարզական հավաքները կշարունակվեն նաև Հայաստանում: Օգոստոսին կարող է՝ տղաներից մի քանիսը մասնակցեն համաշխարհային ուսանողական խաղերին»: