Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ՄԻՊ-ի 2016 թվականի տարեկան հաղորդումը և կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի ընթացքում անդրադարձել էր «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին՝ խոսելով հիվանդանոցում առկա խնդիրների մասին:
ԼՈւՐԵՐ.com-ը մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց «Սևանի հոգեբուժական հիվանդանոցի» տնօրեն Գագիկ Կարապետյանի հետ: Վերջինս, ասաց, որ ՄԻՊ-ը պարբերաբար ստուգումներ է իրականացրել հիվանդանոցում:
Անդրադառնալով արձանագրած խնդիրներին՝ նշեց, որ դեռևս ամիսներ առաջ՝ ՄԻՊ-ի շրջայցերի ժամանակ հիվանդանոցում եղել են որոշակի խնդիրներ, որից հետո միջոցառումներ են ձեռնարկվել դրանք լուծելու ուղղությամբ. «ՄԻՊ-ի շրջայցից հետո առկա խնդիրները մեծամասամբ վերացվել են և մենք փորձում ենք վերացնել բոլոր թերությունները, որոնք դեռևս առկա են»,- ասաց Գագիկ Կարապետյանը:
Նա նշեց նաև՝ կապիտալ վերանորոգման կարիք ունի հիվանդանոցի լոգարանը՝ ընդգծելով, որ խնդրի լուծման համար կա հստակ ծրագիր, նախատեսված է շինարարական աշխատանքները սկսել մայիս ամսին:
Այսօր, թերևս, թերություններն անխուսափելի են և Գագիկ Կարապետյանի հավաստմամբ՝ իր գործունեությունն ուղղված է շտկելու առկա խնդիրները:
Սոնա Հարությունյան