Ֆրանսիայում շաբաթվա վերջում սպասվող նախագահական ընտրությունները հետաքրքրում են ոչ միայն ֆրանսիացի ընտրողներին, այլև ամերիկացիներին:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ում ամենաքննարկվող թեկնածուն է համարվում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:
Linkfluence կազմակերպության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում Ֆրանսիայի ընտրությունների մասին բոլոր քաղաքական քննարկումների մոտ 50%-ը նվիրված է «Ազգային ճակատ»-ի առաջնորդին:
Հետազոտությունները իրականացվել են համացանցում հարցումների միջոցով:
Վերլուծելով 1.5 մլն մեկնաբանություն ամերիկյան ինտերնետ տիրույթում՝ մասնագետները պարզել են, որ մեծ մասամբ արձագանքները շատ դրական են:
Ֆրանսիայի նախագահական ընտրություններին առաջադրվել է 11 թեկնածու: Մարին Լը Պենը առաջին փուլի քվեարկության ֆավորիտն է: Այն կկայանա ապրիլի 23-ին: Գրեթե հավասար շանսեր ունի Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, իսկ առաջնորդների եռյակը եզրափակում է Ֆրանսիայի նախկին վարչապետ, հանրապետականներից երկրի նախագահի թեկնածու առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը: