Կոալիցիա կազմելու արվեստն, անկասկած, Հայաստանում չէ, որ ձևավորվել է. սա, ըստ էության, արևմտյան ժողովրդավարությանը բնորոշ գծերից մեկն է, որը Հայաստանի նորանկախ պատմության մեջ, պետք է նկատել, բավական լայնորեն կիրառվող գործիքակազմ է: Իհարկե, ասել, թե բոլոր կոալիցիաները ստեղծվում կամ քայքայվում են բացառապես Հայաստանի կառավարման համակարգը կատարելագործելու մղումից ելնելով, սխալ կլիներ, քանի որ բացի զուտ ներքին կառավարման մեթոդ կամ միջոց լինելուց, կոալիցիաները հանդիսանում են նաև որոշակի ներքաղաքական խորքային ու նույնիսկ երբեմն թաքնված գործընթացների արդյունք, որոնց ձևավորումը կարող է բացահայտել դաշտում տիրող տրամադրություններն ու իրավիճակը:
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում թիվ մեկ կարևորության հարցերից մեկն էլ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային: Հարցը, թե արդյոք իշխող կուսակցությունը կգնա՞ իր կոալիցիոն գործընկերոջ հետ ունեցած հարաբերությունների վերաթարմացման ճանապարհով, թե՞ ոչ, դեռևս կարծես մնում է բաց, բայց դատելով որոշակի ազդանշաններից, արդեն կարող ենք ասել, որ նոր կոալիցիա ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև, այնուամենայնիվ, կկազմվի: Ավելին՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դաշնակցության համար ապագայում շատ ավելի մեծ հնարավորություններ են բացվելու, ու նույնիսկ կարող է մեծանա այն նախարարությունների թիվը, որոնք գտնվում են ՀՀԿ կոալիցիոն գործընկերոջ տրամադրության տակ: Թե հատկապես ինչպիսի տեսք կունենա հնարավոր կոալիցիան, որի ապագա գոյության հարցում այլևս ոչ ոք, ըստ էության, չի կասկածում՝ ցույց կտա ժամանակը, բայց, որ հարցն այս բավական ինտրիգային է, անհերքելի է:
Իսկ ինտրիգն իրականում իշխանական բուրգի վերին օղակներում է. այնտեղ թաքնված պայքար է ընթանում ռեալ իշխանության համար. կոալիցիա կազմել-չկազմելու հարցն այստեղ առավելապես կարևորվում է հենց վերոհիշյալ կոնտեքստում, քան ասենք տնտեսական: Բանն այն է, որ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև գործընկերային հարաբերությունները նախևառաջ անհրաժեշտ են հենց նախագահին. ՀՅԴ-ն կարող է որոշակի հենարանի դեր կատարել Սերժ Սարգսյանի համար ընդդեմ Կարեն Կարապետյանի, ով ևս, ինչպես հայտնի է, ռեալ հավակնություններ ունի 2018թ-ի հետ կապված: Ճիշտ է՝ սխալ է կարծելը, թե ասենք՝ ՀՀԿ-ն կարող է ինչ-որ պահի դուրս գալ Սերժ Սարգսյանի վերահսկողությունից, սակայն ակնհայտ է, որ ՀՅԴ կոալիցիայի պարագայում Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանն անհամեմատելիորեն ընդլայնվելու է, մեծանալու՝ հնարավորություն տալով նրան սեփական ձեռքերում պահել իրական իշխանությունը:
Ինչ վերաբերում է վարչապետ Կարապետյանին ու նրա վերաբերմունքին կոալիցիա կազմելուն, ապա պետք է ասել, որ նա կարծես այնքան էլ ոգևորված չէ այդ մտքից, հատկապես այն բանի հավանականությունից, որ ՀՅԴ լիազորություններն ապագա կառավարությունում կարող են ընդլայնվել. Կարապետյանը հրաշալիորեն հասկանում է, որ եթե ամեն բան Բաղրամյան 26-ի ծրագրածի համաձայն գնա, ապա ինքը ստիպված է լինելու բավարարվել իշխանությունում մենեջերական գործառույթներով, այսպիսով՝ այդպես էլ չկայանալով որպես քաղաքական գործիչ ու չընկալվելով այդպիսին:
Թե ինչպիսի կոնյուկտուրա կձևավորվի ապագա կառավարությունում, իհարկե, պարզ կդառնա շուտով, բայց որ ներքին պայքարը դեռ նոր է սկսվում, անվիճելի է…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ