Մինչ Հայաստանում վերջին շրջանում զբաղված են ներքաղաքական խնդիրներ լուծելով, ընտրություններ անցկացնելով, ներքին խնդիրներով, թշնամական Ադրբեջանում այգաբացները կարծես այնքան էլ խաղաղ չեն. այս երկրում վերջին շրջանում տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք կարող են իսկական փորձանք դառնալ ողջ Անդկովկասի գլխին. ֆինանսական համակարգը փլուզման եզրին է հայտնվել, ինչի պատճառով ողջ տնտեսությունը լրջագույն վտանգի առաջ է այժմ, հակաիշխանական տրամադրությունները գնալով է՛լ ավելի են սրվում՝ դրսից ստանալով աջակցություն, Ալիևն այլևս բաց տեքստով սպառնում է հաշվեհարդար տեսնել երկրում բուն դրած «հինգերորդ շարասյան» հետ, իսլամական աշխարհ-Ադրբեջան հարաբերությունները կարծես այնքան էլ ներդաշնակ չեն (Բաքվի համար յուրատեսակ հակափիառ դարձած Իսլամիադան՝դրա վառ ապացույց) և այսպես շարունակ:Մի խոսքով՝ հողն Ալիևների կլանի ոտեքրի տակ մի տեսակ դյուրավառ է դարձել:
Այս ամենն, իհարկե, միգուցե կողքից դիտողներիս համար կթվար ընադմենը թամաշա անելու առիթ, եթե չլիներ մի կարևոր իրողություն՝արցախյան հիմնահարցը: Բանն այն է,որ Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ սահմանին տիրող իրավիճակի ու Ադրբեջանում տեղի ունեցող խժդժությունների միջև գոյություն ունեցող անքակտելի կապը միանգամայն իրական է,ու Ալիևն իր երկրի արտաքին քաղաքականությունն ուղղակիորեն շաղկապել է անձնական շահերի հետ: Ու հիմա հարց է առաջանում՝ իրականում ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանում սկիզբ առած հակաիշխանական պրոցեսներն ու ինչին կարող է հանգեցնել Ալիևի սասանումը ռազմաճակատում:
Այս հարցի պատասխանը գտնելու համար նախ պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում այժմ արցախյան կարգավորման գործընթացում: Իսկ այդ մասին փայլուն պատկերացում է տալիս հատկապես Ադրբեջանի ԱԳ նախարար մամեդյարովի վերջին հայտարարությունն այն մասին,թե Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո Մոսկվայում իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ խաղաղությունը հնարավոր է զորքերի դուրսբերման դիմաց կամ խաղաղություն տարածքների դիմաց՝ «land for peace» սկզբունքով: Այսպիսով՝ կարող ենք ֆիքսել, որ որոշակի կոնսենսուս կողմերի միջև այժմ գոյություն ունի, ու եթե ամեն բան ըստ պլանավորվածի ընթանա, ապա կարճ ժամանակ հետո ազատագրված տարածքներում հնարավոր է տեսնենք ռուս խաղաղապահներին:
Բայց ողջ խնդիրն էլ կայանում է նրանում, որ Մոսկվայի պլանը՝ հայ-ադրբեջական հակամարտության շահարկման շնորհիվ վերջնականապես սեփականելու Անրկովկասը, կարող է տապալվել այն ուժերի կողմից, որոնք ոչ մի կերպ չեն պլանավորում առանց մարտի տարածաշրջանը հաձնել Մոսկվային: Այլ խոսքերով՝ Ադրբեջանում սկիզբ առած համապատասխան պրոցեսները,չի բացառվում,իսկ ավելի ճիշտ ակնհայտ է,որ ծրագրվում ու իրականացվում են Արևմուտքի կողմից՝ խաթարելու համար Մոսկվայի պլանները: Բանն այն է,որ խաղաղության այն գործընթացը,որն այժմ ընթանում է արցախյան կոնֆլիկտում ու որից շահելու է բացառապես Կրեմլը,կարող է կանգ առնել միայն այն պարագայում,եթե Ալիևին ստիպեն կրկին անգամ պատերազմել ու պատերազմել շատ ավելի լայնամասշտաբ կերպով, քան 2016-ին էր: Իսկ դրան հասնելու համար հարկավոր է այնպես ասնել, որպեսզի Ադրբեջանը ներսից ցնցվի,ինչն էլ,ըստ էության անում են: Ու հիմա Ալիևը հայտնվել է երկու քարի արանքում. մի կողմից ռուսներն են մատ թափ տալիս ու սաստում՝ հրաժարվելու տոտալ պատերազմի մտքից,մյուս կողմից արևմտյան համապատասխան ուժերն են փորձում սասանել Ադրբեջանի ներքին կայունությունը՝ ստիպելով բեղավորին հանուն իր կլանի համար տհաճ իրավիճակից ելքի գնալու հերթական արկածախնդրության. Հայաստանի արևելյան ճակատում պատերազմի վտանգը կարծես միանգամայն իրական է դառնում:
Թե որքան արագ կզարգանան Ադրբեջանում՝ մեզ համար անչափ վտանգավոր իրադարձություններն, իհարկե ցույց կտա ժամանակը, բայց որ Ալիևի համար սեփական կաշին շատ ավելի թանկ է,քան ժողովուրդը,ոչ ոք չի կարող հերքել.հանուն հավերժացման փոքրիկ սուլթանը կգնա ցանկացած արկածախնդրության:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ