Սովորաբար, ամեն անգամ, երբ հայտնի է դառնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի հերթական մատակարարման մասին, Հայաստանում ակտիվանում են խոսակցությունները, թե հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն իրականում միֆ են, ցանկալին իրականության տեղ մատուցելու մի տկար փորձ, որի հիմքում, սակայն, ոչ մի շոշափելի փաստարկ ընկած չէ: Ճիշտ է` այդ նկատառումներն ակնհայտորեն կրում են սուբյեկտիվ բնույթ ու ավելի շատ կոչված են` Հայաստանում սրելու հակառուսական տրամադրությունները, ցանկացած դեպքում, սակայն, ակնհայտ է, որ զուտ օբյեկտիվորեն մեր կողմից ՌԴ-Ադրբեջան ռազմական համագործակցությունը չի կարող ցավոտ չընդունվել` որքան էլ այդ համագործակցությունը կրի քիչ թե շատ սահմանափակ բնույթ:

Շավարշ Քոչարյանն, արձագանքելով ՌԴ կողմից Բաքվին զենքի նոր խմբաքանակի վերջին մատակարարմանը, հանդես է եկել հայտարարությամբ, որն իր մեջ բավական խորքային շերտեր է պարունակում, ուղերձներ` ուղղված հատկապես Ռուսաստանին: Քոչարյանն, ըստ էության, բավական կոշտ է արձագանքել վերոհիշյալ իրողությանն ու ասել հետևրյալը. «Մեզ համար նորություն չէ, որ այդ պայմանագիրը կա ու լինելու է: Պետք է արձանագրենք, որ անվտանգության հարցերում մենք մեր հույսը պետք է դնենք մեր ուժերի վրա: Պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, ՌԴ-ն մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքները կարող են հանգեցնել լրիվ այլ պատկերի: Մեր դիրքորոշումն այդ հարցում շատ հստակ է և պարզ, բազմիցս դա նաև արտահայտվել է ամենաբարձր մակարդակում, բայց դա է իրողությունը: Ելնելով այդ իրողությունից` մենք պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը թե՛ ՌԴ-ի, թե՛ այլ գործընկերների հետ»:

Փոխնախարարի խոսքում ամենակարևոր հատվածն, ըստ էության, վերջին հատվածն է, ուր նա, որպես ՀՀ արտաքին քաղաքականության պլանավորման կարևորագույն ելակետ, նշում է ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների բնույթը` դրանցով պայմանավորելով ոչ միայն ՌԴ-Հայաստան, այլևՀայստան-աշխարհ հետագա հարաբերությունները: Մի պարագայում, երբ Արևմուտքը Հայաստանի ուղղությամբ կոնկրետ քայլեր է կատարում` ամեն կերպ փորձելով իրեն մատուցել որպես ՌԴ-ին իրական այլընտրանք, իսկ Անդրկովկասն էլ Ռուսաստանի համար հետզհետե սկսում է յուրատեսակ թակարդի վերածվել, Քոչարյանի հայտարարությունը ոչ մի կերպ շարքային չես որակի. սա ավելին է, քան արդարացի վրդովմունքի ցուցադրում Մոկսվային: Հարց է առաջանում` ի՞նչ է, այնուամենայնիվ, ակնկալում Հայաստանը Ռուսաստանից, որն այդպես էլ չի կարողանում նրանից կորզել: Հայաստանի` Ռուսաստանից ակնկալածն ընդամենը մեկ բան է` ազնիվ վերաբերմունք, բաց խաղ, երկակի ստանդարտներից հրաժարում:

Բանն այն է, որ Ռուսստանի համար ներկայում Հայաստանը դարձել է կարթից կախված ձկան կերի պես մի բան. Հայաստանի միջոցով Կրեմլը փորձում է որսալ Ադրբեջանին, ու այստեղ հարցն ընդամենն այն է, թե ինչպես կարձագանքի Ալիևը համապատասխան առաջարկին: Անկասկած է, որ Ալիևի մատի մեկ շարժումն էլ համապատասխան ուղղությամբ լիովին բավարար է, որպեսզի Մոսկվան անմիջապես քայլ կատարի. ՌԴ սպասում է Ալիևի հենց այդ քայլին, որը, սակայն, ազերի ղեկավարն այդպես էլ չի անում: Թե ինչու է Ալիևն իր այդ պահվածքով շարունակում խաղալ ռուսների նյարդերի հետ, իհարկե, քննարկման միանգամայն այլ թեմա է, բայց փաստը, որ տարածաշրջանում Մոսկվայի հիմնական թիրախը հենց Բաքուն է, չափից դուրս ակներև է: Իսկ Երևանն էլ իր հերթին հոգնել է այլևս ձկան կերի դերում հանդես գալուց ու փորձում է հասկացնել Ռուսաստանին, որ վերջինս չի կարող միանգամից երկու աթոռների վրա նստել, չի կարող հայ-ռուսական միացյալ զորք ստեղծելու մասին համաձայնագիրն ընդունել, մյուս կողմից, սակայն, զինել Ալիևին:

Եթե ՌԴ-ն, իրոք, մտադիր է զարգացնել իր ռազմաքաղաքական հարաբերությունները Երևանի հետ, ուրեմն` պետք է շիտակ գործընկերության ճանապարհը բռնի: Այլ կերպ ասած` եթե ռուսներն ուզում են, որպեսզի Հայաստանը աշխարհին նայի միայն ռուսական պատուհանի միջոցով, ուրեմն` պարտավոր է հրաժարվել Ադրբեջանի հետ հակահայկական բնույթ կրող սիրախաղից` հակառակ պարագայում սեփական արտաքին քաղաքականությունը կառուցելիս Երևանը չի վարանի այլընտրանքային ուղիներ փնտրել` միևնույն ժամանակ չայրելով ՌԴ հետ կամուրջները: Ահա սա է Քոչարյանի ուղերձը` Կրեմլին:

Մեծ խորաթափանցություն պետք չէ դրսևորել հասկանալու համար, որ այս ողջ աշխարհաքաղաքական խաղի մեջ հիմնական տուժող կողմ դառնալու է Ռուսաստանը: Իրականում Մոսկվան անելանելի վիճակում է հայտնվել: Նժարի մի կողմում Ադրբեջանական նավթը տնօրինելու գայթակղությունն է` այդպիսով Բաքվին համաշխարհային էներգետիկ շուկայում գոյություն ունեցող ու սրվող մրցապայքարում չեզոքացնելու, մյուս կողմից` տարածաշրջանում իրական դաշնակցի հիասթափությունը, որը կարող է ճակատագրական դառնալ Ռուսաստանի համար: Արևմուտքը մեծ թակարդ է լարել Պուտինի դեմ հենց Ալիևի միջոցով, ինչը, սակայն, ոչ մի կերպ չեն փորձում հասկանալ Հյուսիսում: Արդյունքում` Արևմուտքը վերջնականապես ներխուժում է Անդրկովկաս` կիսելու ռուսների հետ թխվածքի քաղցր կտորը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ