Օգոստոսի սկզբին ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժություններին մասնակցելուց հետո՝ հայկական զորախումբը կրկին Վրաստանում սեպտեմբերի 3-11-ը մասնակցելու է «Agile Spirit 2017» բազմազգ զորավարժություններին, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր մի շարք պետությունների ներկայացուցիչներ: Դեռևս տարեսկզբին՝ Հայաստանը դժվար թե նման որոշում կայացներ, որոշում, որը անկասկած առաջացնելու է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի անթաքույց զայրույթը: Սակայն հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին՝ Հայաստանի իշխանությունների նման քայլն ավելի քան տրամաբանական է թվում: Երևանում հասկանում են, որ Մոսկվան ոչ միայն չի կատարում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները, այլև, ըստ էության, հարվածում է մեր երկրի անվտանգության հիմքերին՝ սպառազինելով Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին:
Իհարկե, Հայաստանի իշխանությունները չեն կարող գնալ քաղաքական լուրջ դեմարշի և, օրինակ, սկսեն ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացը, սակայն նրանք կարող են ընդլայնել Հայաստանի անվտանգային համակարգը, ինչը, անշուշտ, մեսիջ՝ է ուղղված ռուսական կողմին: Այն ենթադրում է, որ Հայաստանը կարող է անվտանգության երաշխիքներ ակնկալել նաև Բրյուսելից: Ռուսաստանի համար Հարավային Կովկասում անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիան կարող է շատ թանկ արժենալ, դա է պատճառը, որ Վլադիմիր Պուտինն օր առաջ ստորագրեց հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին պայմանագիրը: Ինչո՞վ կարող ենք բացատրել Հայաստանի մասնակցությունը «Agile Spirit 2017» զորավարժություններին, որոնց մասնակցում են, մեղմ ասած, ոչ այնքան ռուսամետ տրամադրություններ ունեցող երկրներ, ինչպիսիք են՝ Ուկրաինան, Լատվիան, Ռումինիան, Բուլղարիան, Միացյալ Նահանգները: Այստեղ տեսնում ենք նաև այդ ծրագրի նպատակը՝ մի կողմից ՆԱՏՕ-ի շրջանակներում արագ արձագանքման ուժերի կատարելագործումը և մյուս կողմից՝ ԱՄՆ-ի և գործընկերների հետ ռազմական գործակցության ամրապնդման և Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանի ներգրավումն այդ ծրագրում՝ պետք է դիտել որպես ուղերձ Ռուսաստանին, և արձագանք՝ ռուսական քաղաքականության նկատմամբ աճող դժգոհությանը: Քանի որ մենք հակված ենք ֆետիշացնելու ստատուս-քվոն, բնական է՝ ընտրել ենք անվտանգության այն համակարգը, որի առանցքային դերակատարը Ռուսաստանն է: Եվ պետք չէ բխեցնել, թե դա վերջին 10 տարվա ընտրություն է: Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը ֆորմալացվել եւ պայմանագրերով ամրագրվել է զինադադարի հաստատումից հետո: Կարող ենք վարկածել, որ դա վատի եւ վատթարագույնի միջեւ ընտրություն է՝ ռուս-ադրբեջանական վերընթաց հարաբերությունները վկայակոչել եւ այլն, բայց փաստ է, որ 1994-ից ի վեր՝ Ադրբեջանի տնտեսական եւ կոմունիկացիոն կարեւորության, այսպես ասած, ապրանքայնացումն էլ կատարվել է արեւմտյան տասնյակ միլիարդավոր ներդրումների շնորհիվ: Խնդիրն անդամակցությունը չէ, խնդիրը ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը ձեւականից բովանդակայինի վերածելն է, Հայաստանի համար այդ ամենը իրական որակի բերելը: Եվ, այդ առումով, թերեւս թյուր է նաեւ այն ընկալումը, որ դա հակադրվում է հայ-ռուսական տիրույթին: Այստեղ էլ թերեւս գործ ունենք մոլորության կամ շահարկման հետ, քանի որ հայ-ռուսական տիրույթին մրցակից դառնալով, Հայաստան-ՆԱՏՕ որակապես արդյունավետ փոխհարաբերությունը կարող է արդյունավետորեն ազդել նաեւ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերության որակի բարելավման վրա: Իսկ որ այդ հարաբերության որակն ունի բարելավման, նույնիսկ առողջացման կարիք, թերեւս վեր է կասկածից:
Ստելլա Խաչատրյան