Վրաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այդ երկրում կայանալիք ՆԱՏՕ զորավարժության մասին, որոնց, ըստ այդ տեղեկության, առաջին անգամ կմասնակցի նաեւ Հայաստանը: «Noble Partner» զորավարժությունը անցկացվում է արդեն երրորդ անգամ՝ 2015թ-ին, 2016թ-ին, եւ այժմ՝ 2017 թ-ին: Այն կանցկացվի հուլիսի վերջին՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում:
Ըստ հաղորդագրության, դրան կմասնակցի 11 երկիր՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ռումինիան, Թուրքիան, Սլովենիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Հայաստանը: Թեև, հայկական կողմից դեռևս պաշտոնապես չեն հաստատել մասնակցությունը, սակայն այն, որ հայտը ներկայացված է, ինքնին խոսուն մեսսիջ է ՀՀ իշխանությունների կողմից՝ մեր երկրի անվտանգության մոդելների դիվերսիֆիկացման մասին:
Ինչպես գիտենք, 2009թ-ին Հայաստանը նույնպես պատրաստվում էր մասնակցել Վրաստանում կայանալիք առավել սակավաթիվ հավաքին: Ռուսական կողմի անթաքույց վրդովմունքը և խանդն էր պատճառը, թե առաջացել էին այլ անհաղթահարելի խոչընդոտներ՝ դժվար է ասել, սակայն վերջին պահին իշխանությունները հետ կանգնեցին այս քայլից: Այժմ անշուշտ իրավիճակ է փոխվել, ընդ որում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ աշխարհաքաղաքական մակարդակում: Ապրիլյան պատերազմի օրերին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակը հուշեց, որ անվտանգության ապահովման նոր և առավել գործուն գործիքակազմի և ձևաչափերի գծման անհրաժեշտությունը հասունացել է:
Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը Վալդայ ակումբում բացահայտ մատնանշեց պաշտոնական Երևանի վրդովմունքը՝ ՀԱՊԿ կողմից գործընկերներին անտեսելու ցավալի իրականության հանդեպ: Ըստ նրա, դա կազմակերպության ներսում մանկական ձախլիկության պես հիվանդություն է, որը ժամանակի հետ պիտի անցնի: Թերևս, իշխանությունները այնքան էլ վստահ չեն ՀԱՊԿ մոտալուտ բուժման հարցում՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցության հայտ ներկայացնելը՝ դրա վառ ապացույցն է:
Մոսկվային դժվար թե հաջողվի այս անգամ Երևանին զերծ պահել այս քայլից: Ինչպես նշեցինք, իրավիճակը 2009թ-ից հետո կտրուկ փոխվել է: Իր հերթին, Թուրքիայի ու Ադրբեջանի մասնակցությունը փոխում է տրամաբանությունը՝ Մոսկվայի ու Երեւանի համար, ամեն մեկի համար թերևս յուրովի: Հայաստանի համար հույժ կարեւոր է հետ չմնալ եւ չկտրվել տարածաշրջանի անվտանգության համակարգի վերափոխման եվրատլանտյան օրակարգից, որի առանցքային կետում առկա է Հայաստանի համար խիստ շահեկան դրույթը՝ Արցախի սահմանին հրադադարի պահպանման մեխանիզմների ամրագրումը:
Իր հերթին ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ջերմացումը կարող է շահավետ լինել նաև Ռուսաստանի համար՝ առավել երկարաժամկետ առումով: Նույնիսկ, եթե ՌԴ ու ՆԱՏՕ հարաբերություններն ապագայում վատթարանան մինչև սև-սպիտակ աշխարհընկալման մակարդակի, ՌԴ-ի համար օգտակար կլինի երկխոսության համար դաշինքի հետ հասկանալի, թափանցիկ ու կանխատեսելի կապուղի ունենալ՝ ի դեմս Հայաստանի:
Սա բացահայտ մեսսիջ էր առ այն, որ Հայաստանը առաջիկայում կփորձի հավասարակշռել Արևմուտքին և Ռուսաստանին, բնականաբար, այդ հավասարակշռությունը պետք է ապահովագրի նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը կամ 2018թ-ից հետո ազդեցությունը, քանի որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մշտապես փորձում է ակտիվորեն ազդել ներհայաստանյան գործընթացների և մասնավորապես՝ իշխանության ձևավորման պրոցեսների վրա։
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ