Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորորղ Տարոն Մարգարյանը հանդիպեց  Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ:

 

Արաբկիրցիներին ողջույնի խոսքով դիմեց նաև Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանն, ով նշեց, որ հավատում և վստահում է Տարոն Մարգարյանին, քանի որ վերջինիս գործին ականատես է եղել տասնյակ տարիներ: «Ես հիշում եմ, որ Տարոնը երբ եկավ քաղաքապետարան և  տեղակալ դարձավ, աշխատում էր գիշեր-ցերեկ: Ղեկավարում էր հիմնարկ, և բոլորից շատ ինքն էր աշխատում: Իհա՛րկե, շատերից բաժանվեց, քանի որ լավ չէին աշխատում»:


Լևոն Իգիթյանը Տարոն Մարգարյանին բնորոշեց մրցակցությունից դուրս թեկնածու, քանի որ երևանցիները տարիներ շարունակ ականատես են եղել նրա գործին. «Ո՞վ՝ ում հետ ա մրցում, եկել-մրցում են մեկի հետ, ով տարիներ շարունակ աշխատում է և մրցակցությունից դուրս է: Հավատում և սիրում եմ էս թիմը, դրա համար էլ ես Տարոն Մարգարյանի կողմնակիցն եմ: Ձեզ ասում եմ՝ մտածեք՝ խոսելը հեշտ է, գործը՝ դժվար, այնպես որ՝ խորհուրդ կտամ՝ լինեք գործի կողքին»: 


Արաբկիրցիներին ողջույնի խոսքով դիմեց նաև Երևանի ավագանու անդամ Երվանդ Երզնկյանը, ով ներկաներին խորհուրդ տվեց չդիմել էքսպերիմենտների և ընտրել Տարոն Մարգարյանին. «Ես հասարակ մարդ եմ, օլիգարխ չեմ, կանգնել եմ այս թիմի կողքին, քանի որ տարիներ շարունակ տեսել եմ՝ ինչպես է աշխատում Տարոն Մարգարյանը: Նա հիմնանորոգել է Երևանի բոլոր երաժշտական դպրոցները և ոչ միայն, ստեղծել է նպաստավոր պայմաններ մեր երեխաների համար, ուստի հավատում եմ նրան և նրա գործին»:


Աղավնի Սուքիասյան