Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, աշնանը կհեռանա գործերից եւ կդադարի կատարել իր արարողակարգային պարտականությունները: Հունիսին կլրանա նրա 96-ամյակը, տեղեկացնում է BBC-ն:

 

Ինչպես ասված է թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ, «Նորին թագավորական մեծությունը, Էդինբուրգի դուքսը, որոշում է ընդունել աշնանից այլեւս չմասնակցել պաշտոնական միջոցառումներին: Թագուհին լիակատար աջակցություն է հայտնել նրա այդ որոշմանը»:

«Արքայազն Ֆիլիպը պլանավորված միջոցառումներին այցելելու է մինչեւ օգոստոս՝ ինչպես միայնակ, այնպես էլ Նորին Մեծությանն ուղեկցելով: Դրանից հետո դուքսը նոր հրավերներ չի ընդունի, թեեւ կկարողանա ժամանակ առ ժամանակ այցելել ինչ-ինչ միջոցառումների»,- հայտնել է Բուքինգհեմյան պալատը: