Դեռևս 2016 թվականին BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը կազմակերպեց Welcome to Armenia համաժողովը և առաջին անգամ հայտարարեց Կոնյակի փառատոն կազմակերպելու մասին իր մտահղացումը: Ի սկզբանե՝ նախատեսված էր փառատոնը կազմակերպել այս տարվա մայիս ամսին, բայց կոնյակագործների հորդորով՝ օրը տեղափոխվել է հոկտեմբեր ամիս:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Վրույր Փենեսյանն ասաց, որ ժամկետի փոփոխությունը պայմանավորված էր աշնանային բերքի լիության, մասնավորապես, խաղողի բերքահավաքի հետ, ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ այդ շրջանում մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան, ինչը հնարավորություն կտա առավել շատ զբոսաշրջիկների մասնակից դարձնել խաղողի բերքահավաքի գործընթացին: Զբոսաշրջիկների ներկայությունն ավելի հետաքրքիր և արդյունավետ կարող է դարձնել փառատոնը, այսինքն՝ առավել շատ մարդկանց կարող են ծանոթացնել հայկական կոնյակագործության ավանդույթներին:
Կոնյակի փառատոն կազմակերպելու միտքն առաջացել էր այն բանից հետո, երբ ուսումնասիրություններից պարզ էր դարձել, որ 2017թ.-ին լրանում է հայկական կոնյակագործության 130-ամյակը և նախկինում երբևէ չէր կազմակերպվել փառատոն և նշելու լավ առիթ է: Հաշվի առնելով այն փաստը, որ կոնյակի փառատոն Հայաստանում նախկինում չէր կազմակերպվել, և որպեսզի գաղափարն ավելի պաշտոնական բնույթ ստանա, որոշվեց կազմակերպել զբոսաշրջության թեմայով Welcome to Armenia համաժողով և պաշտոնապես ներկայացվեց համաժողովի ժամանակ, որին մասնակցեցին 200-ից ավել զբոսաշրջային ոլորտի ընկերությունների ղեկավարներ, ընթացքում զեկուցներով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, այդ ժամանակ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Մայր Աթոռից՝ տեր Ասողիկ քահանա Կարապետյանը և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ:
BPA ընկերությունը տարիներ շարունակ կազմակերպում է "INVEST ARMENIA" ներդրումային համաժողովները և, փաստորեն, հեղինակել է նաև Կոնյակի ազգային փառատոն անցկացնելու գաղափարը, ողջունում է նման միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը մեր երկրում և պատրաստակամություն է հայտնում աջակցել այլոց՝ նման միջոցառումների կազմակերպման հարցում՝ օգտագործելով սեփական փորձն ու գիտելիքներն այս ոլորտում: Վրույր Փենեսյանը կարևորում է մեր երկրի ազգային հարստության պրոպոգանդան, որը հնարավորություն կտա զարգացնելու հայաստանյան զբոսաշրջությունը, առավել գրավիչ երկիր դարձնելով հյուրերի համար, ինչը, բնականաբար, էական դերակատարում ունի մեր տնտեսության առաջխաղացման գործում:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ 2016թ. հոկտեմբերի 28-ին առաջին անգամ, պաշտոնապես, Վրույր Փենեսյանը հայտարարում է «Հայկական կոնյակի փառատոն» անցկացնելու մասին:
Տես՝ սկսած 50-րդ վայրկյանից: