Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը հանգիստ է՝ ադրբեջանական կողմի նախորդ օրվա ակտիվացումներից հետո: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին ամեն ինչ հանգիստ է:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է սպասել ադրբեջանական կողմից Հաղթանակի, Շուշիի ազատագրման օրվան ընդառաջ, Հովհաննիսյանը նշեց, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի տրամաբանությունն ու գործելակերպը' ամեն ինչ հնարավոր է. «Սակայն մեր զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում»:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքով՝ արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է, և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները և պահպանում երկրի անվտանգությունը:
«Ադրբեջանն այս օրերին ավելի ընդգծված ապակառուցողական քաղաքականություն է վարում և պարտադիր չէ դրանք միայն սահմանին զինադադարի խախտումներով լինեն, այլ' այսպես կոչված լրտեսային սկանդալի միջոցով, որն իրականության հետ ոչ մի կապ չունի»,- ասաց Բաբայանը' հավելելով, որ նման դրսևորումը պայմանավորված է Ադրբեջանի ներքին քաղաքական խնդիրներով: «Որպեսզի միջազգային հանրությունը չդիտարկի դրանք որպես մարդու իրավունքների ճնշում' Ադրբեջանը պարզապես հայկական թշնամական երանգ է փորձում հաղորդել այդ ամենին: Այն պատեհ առիթ է եռատոնի օրերին նման քաղաքականություն վարելու համար, որպեսզի բնակչության և միջազգային հանրության ուշադրությունը շեղի»,- նշեց նա' մանրամասնելով, որ դրանք ընդամենն ալիևյան կլանի՝ իշխանությունը պահպանելու փորձված մեխանիզմներ են, որն Ադրբեջանը միշտ օգտագործում է:
Բաբայանը նաև հավելեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի վաղվա տոնական միջոցառումներն իրականացնեն: Նրա խոսքով' բանակի մարտունակությունը բերվել է բարձր պատրաստվածության աստիճանի և ամեն ինչ անելու են, որպեսզի պաշտպանեն երկրի խաղաղությունը և կայունությունը: