Հանրապետության նախագահի նստավայրում երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվեց քաղաքական կոալիցիա կազմելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ  զրույցում  Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, խոսելով արդեն ստորագրված հուշագրի մասին, նշեց, որ երկու կուսակցություն իրենց համար որոշում են կայացրել և էական որևէ բան դրանից ակնկալել պետք չէ. «Թող աշխատեն, հետո կտեսնենք: Մենք, իհարկե, նախորդ համագործակցությունը հաշվի առնելով, իրական օգուտներ՝ այդ կոալիցիայից չենք սպասում: Տնտեսական և սոցիալական հարցերում այս երկու կուսակցությունները նախկինում որևէ լուրջ առաջընթաց չգրանցեցին, այնպես որ՝ կսպասենք-կտեսնենք՝ ինչպիսին է լինելու այս նոր համագործակցությունը»:


Դիտարկմանը՝ քաղաքական կոալիցիայի կողմերից վարչապետի թեկնածու առաջադրելու  բացարձակ իրավունքը ՀՀԿ-ին պատկանելը արդյո՞ք հետագայում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև կարող է խմորումների պատճառ դառնալ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Նրանց քաշային կատեգորիաները շատ տարբեր են, և ՀՀԿ-ն, ընդհանրապես, կոալիցիայի կարիք էլ չուներ, բայց, հաշվի առնելով, որ ՀՅԴ կազմակերպչական կառույցի դերն ու նշանակությունը, և այն, թե ինչ քայլերի նրանք կարող էին դիմել, «Հանրապետական» կուսակցության ղեկավարը չեզոքացրեց այդ ռիսկն այս կոալիցիայով  և այս շախմատային պարտիայով ՀՀԿ-ն իրեն ապահովագրեց իր համար ոչ ցանկալի հետագա զարգացումներից»:


Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման հավանականությանը՝ շեշտելով, որ դա կախված է նրանից, թե վարչապետն ինչպես կարող է մոտենալ 2018 թվականին. «Եթե այն, ինչ հայտարարում է, կարողանա իրականացնել, միգուցե ամրապնդի իր դիրքերը: Ես չեմ կարծում, որ նրա հենարանը Սերժ Սարգսյանն է: Եթե Նա կարողանա հասարակական հենարան ձևավորել, այո՛, կարող է մնալ և ամրապնդել իր դիրքերը, բայց պետք է հավելեմ նաև, որ նա պետք է կատարի այն խոստումները՝ հատկապես ներդրումային ծրագրերի առումով, որոնք տվել է: Կանի դա՝ նրա հեղինակությունն ավելի կբարձրանա և կստանա հասարակական հենարան, որի արդյունքում էլ կշարունակի պաշտոնավարել»:  


Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարեն Կարապետյանի հարաբերություններին, ապա, ըստ Դեմոկրատական կուսակցության նախագահի, հարաբերությունները կբացահայտվեն 2018թ.-ի հունվարին, երբ պարզ կդառնա՝ ով՝ ինչ քաղաքական կապիտալի տեր է. «Հենց այդ ժամանակ էլ  պարզ կդառնա՝ Կարեն Կարապետյանը կմնա՞, թե՞ կհեռանա»,-խոսքը եզրափակեց Արամ Սարգսյանը:  


Աղավնի Սուքիասյան