Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկա՞լ էր, թե՞ նախօրոք պլանավորած, ինչպե՞ս պնդում են Հանրապետականներն ու հենց ինքը նախկին վարչապետը: Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պնդում է, որ հրաժարականը անակնկալ էր նույնիսկ Տիգրան Սարգսյանի համար եւ նույն օրվա կառավարության նիստին նրա տրամադրվածությունը վկայում էր հենց այդ մասին:
Երկրորդ ամենաքաղաքական հարցը հաջորդ վարչապետի թեկնածուն է: Դեմոկրատական կուսակցության նախագահի պնդմամբ հենց վարչապետի հրաժարականի հաջորդ օրվանից Հայաստանում որոշ քաղաքական դեմքեր սկսեցին շանտաժի քաղաքականություն' շրջանառության մեջ դնելով իրենց անունները: Արամ Սարգսյանի համոզմամբ' Հայաստանի հաջորդ վարչապետին պետք է փնտրել ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանից դուրս հաջողության հասած մարդկանց շրջանում, որոնց հետ հաշվի են նստում այլ պետությունների ղեկավարներ:

 

Արամ Սարգսյանի տպավորությամբ' հաջորդ վարչապետը կամ պետք է լինի մարդ, որը կշարունակի նախորդ կառավարության գործունեությունը, կամ նոր վարչապետը կգա ու կքանդի ամբողջ համակարգն ու կսկսի նորից: Հենց այդ' համակարգը քանդելու հույսն է քաղաքական գործիչը կապում դրսի թեկանծուների հետ: