Եմենի մայրաքաղաք Սանայում, որը գտնվում է հուսի ապստամբների վերահսկողության ներքո, արտակարգ դրություն է հայտարարված խոլերայի բռնկման պատճառով, տեղեկացնում է BBC-ն:
Եմենի առողջապահության նախարարությունը միջազգային հումանիտար կազմակերպություններին հորդորել է երկրին օգնություն ցույց տալ խոլերայի համաճարակի դեմ պայքարելու համար:
Եմենի առողջապահության համակարգը, որը խիստ տուժել է ռազմական գործողություններից, չի կարող հաղթահարել համաճարակը, հավելել են նախարարությունում:
Մայիսի 11-ին ՄԱԿ-ում հայտնել են, որ վերջին ժամանակներս Եմենում խոլերայից 51 մարդ է մահացել:
«Կարմիր խաչի» տվյալներով՝ մայիսի 14-ի դրությամբ մահացածների թիվը հասել է 115-ի:
Ենթադրվում է, որ վարակվածների թիվը կազմում է 2,7 հազարից մինչեւ 8,5 հազար:
Եմենում շարունակվում է պատերազմը հուսի ապստամբների, որոնց աջակցում է Իրանը, եւ կառավարական բանակի միջեւ, որն ստանում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի աջակցությունը:
Հակամարտության ընթացքում, որն սկսվել է 2014 թվականին, երկրում դադարել է աշխատել առողջապահության հիմնարկների մոտ կեսը: Շուրջ 7,6 միլիոն մարդ ապրում է այն մարզերում, որտեղ մաքուր խմելու ջրից օգտվելու հնարավորություն չկա: