
Ամերիկյան Միսիսիպի նահանգում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Նահանգի մայրաքաղաք Ջեքսոն քաղաքում հեղեղվել են մի շարք շրջաններ, Փերլ գետը դուրս է եկել ափերից, ջրի մակարդակը գետում գերազանցել է 11 մետրը և շարունակում է բարձրանալ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ջեքսոնի օդերևութաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին անգամ գետում ջրի մակարդակը այսչափ բարձրացել էր 1983 թվականի հորդառատ անձրևների ժամանակ: Նահանգի իշխանությունները նշել են, որ գետի վարարումը լուրջ վտանգ է ներկայացնում: Նահանգապետ Թեյթ Ռիվզը փետրվարի 15-ին արտակարգ դրություն է հայտարարել:
Փետրվարի 15-ին բացվել են նաև գետի հեղեղատար համակարգերը, ինչը հանգեցրել է ջրի լրացուցիչ ներհոսքի դեպի քաղաք:
«Սա պատմական, աննախադեպ ջրհեղեղ է: Կանխատեսվում է, որ այն կարող է դառնալ մեր նահանգի երրորդ ամենավատ ջրհեղեղը: Ես արտակարգ դրություն եմ հայտարարել, որպեսզի գործի դնենք բոլոր ռեսուրսներն ու օգնենք Միսիսիպիի տուժած բնակիչներին»,-հայտարարել է Ռիվզը:
Ջեքսոնի մի քանի թաղամասերում իշխանությունները պարտադիր տարհանում են հայտարարել:



