Վենեսուելայում բողոքավորները մայիսի 22-ին հրկիզել են երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի տունը Բարինասի նահանգի Սաբանետա քաղաքում:
Այս մասին հաղորդել է El Nacional-ը: Հրատարակության տվյալներով՝ տունը հրկիզվել է որպես վրեժ Բարինասում Բոլիվարական ազգային գվարդիայի կողմից 19-ամյա երիտասարդի սպանության համար, որը մասնակցում էր բողոքներին: ՌԻԱ Նովոստին նշում է, որ, այլ տվյալներով՝ շինությունը չի հրկիզվել, այլ կողոպտվել է:
Մայիսի 6-ին հաղորդվել էր, որ Սուլիայի նահանգի Վիլյա դել Ռոսարիո քաղաքում բողոքավորները տապալել եւ հրկիզել են Չավեսի հուշարձանը, որը մահացել է 2013 թվականին: Անկարգությունների ընթացքում ոչնչացվել է Ուգո Չավեսի հինգ հուշարձան:
Վերջին երկու ամսում Վենեսուելայում ընթանում են բողոքի ակցիաներ Չավեսի հաջորդի՝ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ: Իշխանության գլուխ նրա գտնվելու ընթացքում երկրում լուրջ տնտեսական ճգնաժամ է սկսվել եւ կտրուկ ընկել է կենսամակարդակը: