Չեչնիայում այրել են Ռամազան Ջալալդինովի տունը, ով տեսաուղերձով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու բողոքել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովից, գրում է Газета.Ru-ն՝ հղում անելով «Չեռնովիկ» թերթին:
Ջալալդինովի կինը պատմել է, որ կեսգիշերին իրենց տուն են եկել դիմակավոր մարդիկ և հայտարարել, որ եկել են նրանց «փրկելու»։ Այնուհետև նրանց մեքենա են նստեցրել ու կամրջի տակ թողել:
«Հրկիզել են տունը։ Գյուղի բնակիչներին արգելել են այդ թեմայով խոսել, սպառնացել են նրանց տները նույնպես այրել»,- ասել է նա։
Ավելի վաղ տեսաուղերձ էր տարածվել «Չեչնիայի Շարոյի շրջանի բնակիչ Ռամազան Ջալալդինովից՝ Ռամզան Կադիրովին»։ Ջալալդինովը բողոքել էր ապրուստի վատ պայմաններից։