Հայաստանի Վերահսկիչ պալատը ներակայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կատարված ուսումնասիրության արդյունքները: Եվ այսպես, ըստ ՎՊ հաշվետվության, կոմիտեի ստորաբաժանումների կողմից 2015 թվականին մատուցվող ծառայություններից  նախատեսվել են 4,181,799.5 հազ. դրամ եկամուտներ, սակայն  փաստացի եկամուտները կազմել են 3,230,133.9 հազ. դրամ:

Ուստի, առաջարկվում է հետևողական լինել և ձեռնարկել միջոցառումներ փաստացի արձանագրված և ՀՀ պետական բյուջե մուտքագրված գումարների միջև տարբերությունը նվազեցնելու ուղղությամբ:

ՎՊ-ն ուսումնասիրել է նաև, թե պետբյուջեից կոմիտեին որքան գումար է հատկացվել աշխատակիցների աշխատավարձերի և պարգևատրությունների համար:

«Աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների, պարգևատրումների և խրախուսումների» համար նախատեսվել են իրականացնել 3,021,246.3 հազ. դրամի ծախսեր, փաստացի ծախսերը կազմել են 2,227,799.4 հազ. դրամ:

Այստեղ ևս ՎՊ-ն առաջարկում է նախատեսված գումարի և փաստացիր ծախսածի միջև առկա անհամապատասխանությունը կրճատել:

ՎՊ-ն արձանագրել է նաև, որ կոմիտեի կողմից  ՀՀ մարզպետարաններին ներկայացվել է միջնորդություն՝ թվով 70 համայնքների պաշտոնատար անձանց 17,300.0 հազ. դրամ գումարի չափով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Մարզպետարանների կողմից կայացվել է թվով 28 համայնքների պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ՝ 3,700.0 հազ. դրամի չափով: