Ազատության պողոտայում մարդատար ավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժած քաղաքացիներից երեքը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 6-ը' «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Ինչպես տեղեկացրին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, իրենց մոտ տեղափոխված երեք անչափահասներից երկուսը դուրս են գրվել, մյուսը գանգուղեղային ցնցումով շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: «Նրա վիճակը բավարար է»,-տեղեկացրին բուժկենտրոնից:

 


«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից էլ մեզ տեղեկացրին, որ պատահարից հետո իրենց մոտ տեղափոխված 6 քաղաքացիներից հինգը հետազոտվելուց անմիջապես հետո դուրս են գրվել, մեկը մի քանի ժամ մնացել է հիվանդանոցում, ինչից հետո եւս դուրս է գրվել:
Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 


Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ: